Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, մեկը` Ուզբեկստանի քաղաքացի է

Տավուշի մարզպետը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչպես է Ուզբեկստանի` կորոնավիրուսով վարակված քաղաքացին հասել Տավուշի մարզ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակվածության առաջին երկու պացիենտներից մեկն Ուզբեկստանի քաղաքացի է։ Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցները կմեկուսացվեն. նրանք շփվել են վարակակիր քաղաքացու հետ

Նրա խոսքով` Ուզբեկստանի քաղաքացին բեռնատարի վարորդ է, որը Հայաստան է մուտք գործել Բագրատաշենի անցակետով և, քանի որ ջերմություն է ունեցել, նրան անցակետից տեղափոխել են մեկուսարան։

«Քանի որ մեր մարզում է հայտնաբերվել, գրանցվել է Տավուշի մարզի վրա, բայց իրականում նա հայտնաբերվել է սահմանին և ուղարկվել համապատասխան բժշկական հաստատություն»,–ասաց Չոբանյանը։

Մարզում վարակվածների թիվը, ցավոք, առաջին երկու դեպքերով չի սահմանափակվում։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին արդեն 5 է, նշեց Մարզպետը։

Պաշտոնյայի խոսքով, նոր արձանագրված բոլոր 3 դեպքերը փոխկապակցված են առաջին երկու դեպքերի հետ։

«Այսինքն, անմիջական շփում ունեցած անձինքն են»,–մանրամասնեց Չոբանյանը։

Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպն առայժմ չի հաջողվում դանդաղեցնել. Թորոսյան

Ըստ նրա, ևս 30 քաղաքացի, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, այս պահին մեկուսացված են։

Տավուշի մարզի` Վրաստանի հետ սահմանային անցակետով, ըստ մարզպետի, օրական ավելի քան 100-ից մեքենա է մուտք գործում Հայաստան։

Մարզում 7 սանիտարական անցակետեր են գործում` վարակված կամ ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերելու ու ներքին միգրացիոն տեղաշարժերը վերահսկելու համար։