ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Եթե Գյումրիում գործազուրկ տղամարդկանց կյանքում համավարակից առաջ ու համավարակի ընթացքում ստեղծված իրավիճակը շատ բան չի փոխել՝ բացառությամբ բակերում ժամանակ անցկացնելու սահմանափակման, ապա նույնը չես ասի նրանց դեպքում, ովքեր սովոր չեն ժամանակը «թախտին նստած» անցկացնել:
«Հորիզոն» ստուդիայի հիմնադիր Արամ Ավետիսյանը այն մարդկանցից է, որոնց համար տնից աշխատելն հասանելի է. ասում է` կողքից էլ կիսատ մնացած կենցաղային գործերն է ավարտին հասցնում, ափսոս` շինանյութի խանութները չեն աշխատում:
«Ճիշտ է, տանը վերանորոգումից հետո մնացած որոշակի գործեր կան անելու, բայց հերթը դեռ դրանց չի հասել, բացի այդ` շինանյութի խանութները փակ են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է նա:
Եթե նույնիսկ կենցաղային բոլոր գործերը ավարտին հասցնի, միևնույն է, Արամը, խոհանոցային գործերում կնոջը չի օգնի, կատակում է` կինը թույլ չի տալիս, որ նման բաներով զբաղվի:
Գյումրեցին արտակարգ պայմաններում էլ է անմիջական առևտուր սիրում, առաքում՝ ոչ
Ռեժիսոր, համակարգչային մոնտաժող Արմեն Մայլամյանին էլ իրավիճակը խոհանոց դեռ չի հասցրել, բայց այս ընթացքում դռան փականը փոխել ու լոգարանի առաստաղն է նորոգել:
«Այսպես որ շարունակվի ամեն ինչ էլ կանենք, միայն թե օրը լցվի»,- կես կատակ կես լուրջ պատասխանում է Արմենը:
Անսպասելի արձակուրդներն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները նաև սիրելի գործով զբաղվելու լավ հնարավորություն են ընձեռել: Սոցիալական մանկավարժ Սամսոն Մատինյանը խոհանոցը շատ է սիրում։ Հնարավորության դեպքում էլ առիթը բաց չի թողնում հարազատներին ու ընկերներին իր խոհարարական տաղանդը ցուցադրել։ Այս ընթացքում հմտություններն ավելի է զարգացրել. խոհանոցում ավելի հաճախ է ժամանակ անցկացնում, պատրաստած ճաշատեսակների բաղադրատոմսերը սոցցանցի իր էջում տեղադրում:
«Ճիշտ է՝ հեռահար աշխատանքն ու երեխաների հետ զբաղվելը կա, ազատ ժամանակը ևս շատ է ու այս ժամանակը լրացնել փորձում եմ իմ սիրած զբաղմունքով: Միշտ եմ խոհարարությունը սիրել, հիմա ավելի շատ եմ դրանով զբաղվում, սա իմ համար ավելի շատ հանգստանալու տարբերակ է: Ամենաերջանիկն, անշուշտ, կինս է»,-պատմում է Սամսոնը։
«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ
Ճաշատեսակների պատրաստման հարցում գուցե երջանիկ է, բայց ահա խոհանոցը հավաքելիս` նույնը չես ասի։ Սամսոնը խոստովանում է` իրենից հետո խոհանոցում «կատաստրոֆիկ» իրավիճակ է տիրում։
«Ինձանից հետո խոհանոցը մաքրելն ու կարգի բերելը մնում է կնոջս, իսկ դա հեշտ գործ չէ»,-անկեղծանում է Սամսոնը։
Առջևում զատկական տոներն են, իսկ զրուցակիցս փորձում է մինչ այդ զատիկի կանաչ տորթ պատրաստել. խոստանում է` լավ արդյունքի դեպքում տորթի բաղադրատոմսը ևս հետևոևդներից գաղտնի չի պահի:
Թե որքան կշարունակվի այս վիճակը, ոչ ոք չի կարող ասել, բայց անշուշտ, տանը մեկուսացված մնալու պարագայում ազատ ժամանակը լրացնելու լավագույն տարբերակը սիրած զբաղմունքն ու «տանը մնացած» հարցերին լուծումներ գտնելն է: