ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումների նոր կարգեր են գործելու․ փոխնախարար

Համաճարակով պայմանավորված առաջիկա 3 ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրներից որոշ ապրանքատեսակներ կներմուծվեն առանց մաքսատուրքերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Բժշկական բոլոր սարքավորումներն ու դեղորայքի արտադրության մեջ կիրառվող հումքատեսակները ՀՀ մուտք են գործում առանց մաքսատուրքերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը` ներկայացնելով ԵԱՏՄ շրջանակում ընդունված որոշումը։

Սարգսյան. «ԵԱՏՄ–ում պետք է պլանավորեն գյուղատնտեսական ապրանքների արտադրության գործընթացը

«Այս որոշումը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն` 6 ամիս ժամկետով»,– ասաց նա։

Առաջիկա 3 ամիսներին առանց մաքսատուրքերի ԵԱՏՄ անդամ երկրներից կարող են ներմուծվել նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են` կարտոֆիլը, գազարը, կաղամբը և այլն։ Նույն ապրանքները, էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով, երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք կարող են ներմուծվել նվազեցված մաքսատուրքերով։

Իսկ ԵԱՏՄ տարածքից պարենային ապրանքների արտահանումը երրորդ երկրներ` արգելվել է։ Արգելքը գործելու է 3 ամիս` ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը։

«ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ներմուծման վրա այս արգելքը չի տարածվում։ Արգելքը չի տարածվում նաև հումանիտար բեռների վրա։ Այսինքն` ցանկում ներառված ապրանքները անհրաժեշտության դեպքում` որպես հումանիտար բեռ կարող են արտահանվել երրորդ երկներ»,– նշեց փոխնախարարը։

Սարգսյան. «ԵԱՏՄ–ում պետք է պլանավորեն գյուղատնտեսական ապրանքների արտադրության գործընթացը

Ինչ վերաբերում է արդեն ՀՀ տարածքում բեռնափոխադրումներին, Իրանի սահմանից Հայաստան մտնող բեռնատարների բեռները հնարավորության դեպքում պետք է փոխաբեռնվեն այլ ավտոմեքենաներում ու ՀՀ տարածքով դրանց շարժը կատարվի արդեն հայաստանյան ավտոմեքենաներով։ Իսկ այն դեպքում, երբ ավտոմեքենայի փոփոխությունն անհնար է, բեռնատարները կուղեկցվեն ոստիկանության ու առողջապահության նախարարության վերահսկողությամբ։