Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
Ծանրամարտիկ Արա Խաչատրյանն իր մարզական կարիերայի ժամանակ երեք անգամ նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, մեկ անգամ էլ աշխարհի առաջնությունում դարձել բրոնզե մեդալակիր: Մարզիկի համար միակ մխիթարությունն այն էր, որ հիմնականում 2-րդ տեղն է զբաղեցրել` զիջելով Հայատանի հավաքականի իր թիմակիցներին:
Վնասվածքն ու հետևանքները
2010 թվականին Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում Արա Խաչատրյանը հերթական անգամ շատ մոտ էր երկամարտի ոսկե մեդալին: Սակայն այս անգամ անհաջողությունն ավելի «ցավոտ» էր հայ ծանրորդի համար:
Ճիշտ է, Արան հաղթեց պոկում վարժությունում` 175 կգ արդյունքով, ու նվաճեց ոսկե փոքր մեդալը, բայց մոտեցումներից մեկի ժամանակ արմնկահոդի ծանր վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել պայքարը` երկամարտում համարվելով հաղթողի հիմնական հավակնորդ։
Ծանրորդներ Նազիկ Ավդալյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադահլիճներ կբացվեն Արցախում
«Երբեք չեմ մոռանա այդ մրցաշարը: Ոչ միայն նրա համար, որ անտանելի էր ցավը վնասվածքից հետո: Ես այդ տարի պատրաստ էի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուն, որը ինձ համար, ցավոք, ծանրամարտում այդպես էլ անհասանելի մնաց»,- ասում է Խաչատրյանը:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բայց այլ մարզաձևում
Նա իր կյանքը ծանրամարտից հեռու չէր պատկերացնում: Բայց ծանրամարտում գործելու լիարժեք հնարավորություն չստանալով` նա սկսեց զբաղվել եռամարտով ու 2019 թվականին նվաճեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մարզիկն իրականացրեց իր երազանքը, թեկուզ այլ մարզաձևում։
«Ես պարզապես այլ անելիք չունեի: Չէի պատկերացնում ինձ առանց սպորտի, առանց ծանրաձողի: Ու քանի որ եռամարտի ու ծանրմարտի մեջ բավականին մեծ նմանություն կա, սկսեցի զվաղվել եռամարտով»,- պատմում է նա:
Ցավոտ վերաբերմունք
Ծանրամարտում երեք անգամ Եվրոպայի առաջնությունների արածաթե ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուց հետո` 2015 թվականին, Արա խաչատրյանը որոշեց ավարտել իր մարզական կարիերան։ «Ես հասկացա, որ տարիքս արդեն այն չէ մեդալների լիարժեք պայքարի համար: 33 տարեկանը սպորտի համար մեծ է համարվում: Բացի այդ, ինձ ասացին, որ ես իրենց պետք չեմ: Անկեղծ ասած շատ նեղսրտեցի, որովհետև երկար տարիներ հավաքականի կազմում հանդես գալուց ու բազմաթիվ մեդալներ նվաճելուց հետո նույնիկս շնորհակալության չարժանացա: Պետք չես ու վերջ: Ցավալի էր, որ նման կերպ եղավ հրաժեշտս մեծ սպորտին, որին ծառայել էի նվիրումով: Կարծես թե, գործիք էի ղեկավարության համար, օգտագործեցին ու շպրտեցին»։
Մեկ տարի աշխատանք ստանալու ճանապարհին
Մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիկներից շատերը փորձում են աշախտել իրենց ոլորտում: Արա Խաչատրյանն էլ բացառություն չէր. նա ցանկանում էր իր գիտելիքն ու փորձը փոխանցել ապագա ծանրամարտիկներին։
«Հոգեբանական հզոր աջակցություն է». օլիմպիադայի մրցանակակիրները` ցմահ պատվովճարների մասին
«2018 թվականին, որպեսզի ես աշխատանք ստանամ, մեկ տարի Գյումրի-Երևան-Գյումրի ճանապարհն եմ անցել: Այդքան չարչարվելուց հետո ինձ հատկացվեց կես դրույք մարզչական աշխատանք` 49 հազար դրամ աշխատավարձով: Մինչև օրս էլ ամեն ինչ նույնն է, ոչ մի փոփոխություն»։
Ֆիզկուլտուրայի ուսուզիչ` աշխարհի մրցահարթակներից հետո
Կյանքը շարունակվում էր, և աշխատել էր հարկավոր: «Քանի որ համարյա բոլոր դռներն իմ դեմ փակվել էին, գնացի դպրոց ու Շիրակի Մայիսյան գյուղում 2016-ից մինչև 2017 թվականի վերջը աշխատեցի որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Երեխաների հայացքի մեջ միշտ հարց էի տեսնում՝ դու այդքան նվաճում ու մեդալ որ ունես, ինչի՞ ես աշխատում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Նեղվում էի: Առաջարկեցի իմ ծառայությունները Հայաստանի պատանեկան հավաքականում որպես գլխավոր մարզչի օգնական կամ ուղղակի որպես մարզիչ: Լսեցի մեկ բառ՝ ոչ»,-ասում է Խաչատրյանը:
Sputnik Արմենիան արդեն պատմել էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը մասին, որը նույնպես ստիպված է եղել աշխատել գյուղի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Պարզվում է` Արա Խաչատրյանը հավասարապես կիսել է հավաքականի իր ընկերոջ ճակատագիրը։