ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik. Վորոնովսկոյե բնակավայրում (Նոր Մոսկվա) ինֆեկցիոն հիվանդանոցի շինարարական աշխատանքների ժամանակ հրդեհը բռնկվել է։ Տեղեկությունը հայտնում է Mash Telegram ալիքը։
Տվյալների համաձայն` շինհրապարակում մի քանի տաղավար է այրվել։ Հրդեհի հետևանքով մահացել է բանվորներից մեկը։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։
Հիվանդանոցի շինարարությունը սկսվել է մարտի 12-ին. այն կառուցվում է COVID-19–ով վարակվածների բուժման նպատակով։ 43 հա ընդհանուր մակերես ունեցող տարածքում նախատեսվում է կառուցել մի քանի բաժանմունք` ռեանիմացիոն, բուժական և ծառայողական։ Կկառուցվի նաև հանրակացարան բուժաշխատողների համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ ակտիվ պայքարի համար։