ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Հայ ինժեներների աշխատանքի շնորհիվ վերանորոգվել ու շահագործման են նախապեատրաստվել թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր։ Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են»,– գրում է նախարարը` խոստանալով թեմային ավելի մանրամասն անդրադառնալ առաջիկա ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, արհեստական շնչառության ապարատներն առայժմ վերանորոգվում են միայն «Ինժեներական քաղաքում»։ Հայաստանի ինժեներական ասոցիացիայում ներկայում աշխատում են նաև թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, դրանց ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա։
Հայաստան են ներկրվելու արհեստական շնչառության սարքերի նոր խմբաքանակներ
Կառավարությունը չի բացառում, որ առաջիկայում Հայաստանը արհեստական շնչառական սարքերի սեփական արտադրությունը կունենա ու խոստացել է դրամական պարգևով խրախուսել այդ ծրագրի հեղինակ հայ մասնագետներին։