ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր`Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը, տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տոնի առթիվ դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը։ Ծիսակարգը, սակայն, կանցնի առանց հավատացյալների. մարդիկ արարողությանը կարող են հետևել փողոցից կամ հեռուստատեսությամբ։
Համարվում է, որ գեղարդին հպվելը ոչ միայն ուժ է տալիս, այլև տարբեր հիվանդություններ է բուժում։ Գեղարդի շուրջ մի շարք լեգենդներ և զարմանալի պատմություններ են հյուսվել։ Ավանդույթի համաձայն` այն բազում մարդկանց կյանքեր է փրկել, կանխել համաճարակի տարածումը, այդ պատճառով գեղարդին դիպչել են ցանկանում նաև մարդիկ, որոնք ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեն: Դարեր առաջ, ժանտախտի ժամանակ Սուրբ գեղարդն ուղարկվել էր Վրաստան։
Ըստ ավանդույթի` Սուրբ գեղարդը Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ սուրբ Թադեոս առաքյալը: Սուրբ գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին խաչի վրա: Դեկտեմբերի 3-ը Սուրբ գեղարդի ուխտի օրն է: Կաթողիկոսի կոնդակի համաձայն` այդ օրը գեղարդը հանդիսավորությամբ դուրս է բերվում Մայր տաճարից, և մարդիկ կարողանում են դիպչել գեղարդին ու իրենց աղոթքն ուղղել առ Աստված: Հարյուրամյակներ շարունակ գեղարդը պահվել է Այրիվանքում (Գեղարդում) և միայն 1760 թվականին է բերվել Էջմիածին։
Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Դրանք մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:
Հրաշագործ Սուրբ գեղարդի անցած ճանապարհն ու այսօրվա հանգրվանը