ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին

Մայիլյանն իր դիրքորոշումը մեկնաբանել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման մտահոգիչ վիճակագրությամբ ու Արցախին սպառնացող վտանգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արցախի հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը արցախցիներին կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլին չմասնակցել։ Հայտարարությունը Մայիլյանը հրապարակել է Facebook-ի իր էջում` վստահեցնելով, որ դա հապճեպ քաղաքական որոշում չէ։

«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»,– գրել է Մայիլյանը։

Նա հիշեցրել է, որ դեռ մարտի 26-ին էր հանդես եկել կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունները հետաձգելու դիրքորոշմամբ, ապա նաև միացել էր ԱՀ նախագահի թեկնածուներից 4-ի տարածած հայտարարությանը։

Փորձել են քվեաթերթիկը լուսանկարել. Արցախում ընտրություններից հետո քրգործեր են հարուցվել

«Ինչպես տեսնում եք՝ սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս»,– գրում է Մայիլյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում  նախագահի թեկնածուն հայտնեց, որ չի ուզում իր գրառումը հավելյալ մեկնաբանել։ Այդուհանդերձ, նա նշեց, որ թեկնածությունը հանել չի պատրաստվում, պարզապես կոչ է անում բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ապրիլի 1-ին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50+1 տոկոսի շեմը։

Ապրիլի 14-ին նախանշված ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն նախագահի թեկնածուներ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Արցախում խնդիրներ եղել են, բայց արդյունքներն արտացոլում են քվեարկության իրական պատկերը