Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխող մեքենան

Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնում այն մարդկանց մասին, որոնք վթարի պահին եղել են շտապօգնության մեքենայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։

«Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյանքին վտանգ չի սպառնում»,–գրել է նա։

Ըստ shamshyan.com–ի` վթարը տեղի է ունեցել Երևանում ժամը 22։45-ի սահմանում։ Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Է. Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գ. Ա-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային։ Ըստ կայքի` «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է «Աշտարակ» բժշկական կենտրոնի հաշվակշռում։