Մոսկվայից Երևան գալու համար ավելի քան 2000 մարդ է ցուցակագրվել

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներից ում է առաջնահերթություն տրվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան գալու համար ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000–ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Դեսպանությունը ձեռնարկում է հնարավորագույն միջոցները` ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Այդուհանդերձ, նշենք, որ ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։ Մինչդեռ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ դեսպանատան` այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։

Դեսպանությունն ավելորդ է համարում ցանկացած շահարկում այս հարցում։

Հայաստան վերադարձող քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի` նրանց օդանավակայանից տեղափոխելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 2-ին Ռուսաստանից Հայաստան կայանալիք թռիչքը չեղարկվել էր, որի պատճառով մի շարք ՀՀ քաղաքացիներ մնացել էին «Դոմոդեդովո» օդանավակայանում։

Երեկ հայտնի դարձավ, որ «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել չարտերային թռիչք կազմակերպելու մեկանգամյա թույլտվություն, և ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին, կազմակերպվելու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչք (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Ռուսաստանի կառավարությունը «Ռոսավիացիային» հանձնարարել է մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարթերային չվերթերը: