ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 13-ին: Տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։
Թովմասյանը Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՍԴ ղեկավարն իր ծառայություններն է առաջարկել և ասել` քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։
Թովմասյանը վարչապետից պահանջել էր 20 օրվա ընթացքում ապացույցներ ներկայացնել, այլապես դատի կտա զրպարտության համար: Ավելի ուշ Փաշինյանը խոստացել էր «անհամաչափ ուժեղ հակահարված տալ», և նա Facebook–ում հրապարակել էր մի գրիչի լուսանկար ու գրել, որ այն ժամանակին իրեն է տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նկարին կից վարչապետը գրել էր, թե երկար ժամանակ մտածում էր՝ աղբանոցը նետել, թե ոչ: Նրա խոսքով` ի վերջո, որոշել էր պահել՝ որպես իր տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն։
Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը
ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Ընդ որում` նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
Հունվարի 22–ին տեղեկություն տարածվեց, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ: