ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը արտասահմանից ՝ կապված համաճարակային իրավիճակի հետ: Տարհանման հետագա գործողություններ մշակելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային հատուկ ձևաթուղթ լրացնել պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
«Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր պայման է չվերթերի ուղևորների ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև ինքնաթիռ նստելու համար: Նշված պորտալում կտեղադրվի նաև Ռուսաստանի այն քաղաքացիներին սոցիալական աջակցության (օգնության) տրամադրման դիմումի ձևը, որոնք գտնվում են օտարերկրյա պետության տարածքում, հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում և Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու հնարավորություն չունեն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեսպանատունը վստահեցնում է, որ հետևում է իրավիճակի զարգացմանը և կտեղեկացնի փոփոխությունների մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 14-ը: Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4731-ի:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770–ի։