ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Ժաննա Տեր–Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Երևանն ու Բրյուսելը Հայաստանից Եվրամիություն չվերթերը դադարեցնելու հարց չեն քննարկում։
«Որևէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկելու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից։ Սույն հարցի շուրջ կոմիտեն պաշտոնապես պարզաբանում կներկայացնի»,–ասաց նա։
Նշենք, որ այսօր հայկական մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե ԵՄ թռիչքային անվտանգության գործակալությունը (EASA) տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով պատրաստվում է վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ընդ որում` EASA-ն պաշտոնապես չի հրապարակել նման փաստաթուղթ:
Հայաստանի և ԵՄ-ի ներկայիս իրավապայմանագրային դաշտը ներառում է օդային ծառայությունների մասին, այսպես կոչված, հորիզոնական պայմանագիր, որը ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերին Բրյուսելում: Բացի այդ, Հայաստանը նմանօրինակ երկկողմանի համաձայնագրեր է կնքել եվրոպական մի շարք երկրների հետ: Այդ երկրներում գրանցված ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով:
Հիմա Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության ավիացիոն գոտու հետ ավելի սերտորեն համագործակցելու համար: Դրա համար պետք է ավիացիոն տարածքի մասին համապարփակ համաձայնագիր ստորագրվի, ըստ որի` Բրյուսելն ու Երևանը կվերացնեն փոխադարձ թռիչքների բոլոր սահմանափակումները: