Հայաստանից Արցախ գնացողները պարտադիր ջերմաչափվում են. լուսանկարներ

Արցախի Հանրապետությունում մինչև հիմա կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի արձանագրվել, ամեն ինչ արվում է վարակից խուսափելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է առողջապահության նախարարության կողմից ջերմաչափման գործընթացի իրականացումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

««Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երեկվա տվյալներով` Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ երեկվա տվյալների, հասել է 736-ի։