Արցախում զինվորին սպանելու կասկածանքով ձերբակալել են ծառայակցին

Զինծառայողին ձերբակալել են 20 տարեկան զինվորին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik.  Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար Գ.Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Արցախում մահացած զինվորն Աբովյանից էր, մեկ տարվա ծառայող. մանրամասներ

Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով։