ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 770 մարդ կա։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 16 հաստատություն կա, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև վիճակում գտնվող հիվանդները, թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են վարակված մարդկանց հետ։ Բայց 9 կազմակերպություն էլ կա, որոնք զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ` «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտնեց, որ այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը կծառայի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը։
Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխող մեքենան