Պուտինն ասել է, որ նավթի հարցով պատրաստ են պայմանավորվել ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել գլոբալ էներգետիկ շուկաներում առկա իրավիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի –Sputnik. Ռուսաստանը պատրաստ է «ՕՊԵԿ+»–ի մեխանիզմների շրջանակում պայմանավորվածություններ ձեռք բերել և նավթի արդյունահանման հարցով փոխգործակցության գնալ ԱՄՆ–ի հետ։  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նման հայտարարություն է արել գլոբալ էներգետիկ շուկաներում առկա իրավիճակի մասին խորհրդակցության ժամանակ։

Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը

Տարեսկզբից գներն ընկել են ավելի քան երկու անգամ։ Մարտի 30-ի առավոտյան Brent տեսակի նավթի արժեքը 2002 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ՝ 1 բարելի դիմաց 23 դոլարից ցածր է եղել։

Պուտինը նշել է, որ ռուսական կողմը սերտ շփում է պահպանում Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ, իսկ վերջերս ՌԴ առաջնորդը զրույց է ունեցել ամերիկյան գործընկերոջ հետ։

Կորոնավիրուսն ու աշխարհը. G20-ի երկրներից որ երկուսի ձեռքում է փրկության բանալին

Պուտինի խոսքով` բոլորին մտահոգում է ստեղծված իրավիճակը, բոլորը շահագրգռված են շուկայի երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար համատեղ և համաձայնեցված գործողություններ իրականացնելու հարցում։

«Մենք չենք եղել «ՕՊԵԿ+» գործարքի խզման նախաձեռնողը։ Եվ մենք պատրաստ ենք պայմանավորվածությունների գնալ գործընկերների հետ և՛ ՕՊԵԿ+–ի մեխանիզմի շրջանակում, և՛ ԱՄՆ–ի հետ այդ հարցի շուրջ համաձայնության գալու։ Կարծում եմ՝ շուկան բալանսավորելու համար անհրաժեշտ է միավորել ջանքերը, և այդ համակարգված ջանքերի արդյունքում կրճատել արդյունահանումը», – նշել է ՌԴ նախագահը։

Խոսքն ըստ Պուտինի՝ օրական շուրջ 10 մլն բարելի արդյունահանումը կրճատելու մասին է։

«Իհարկե, այդ ամենը պետք է տեղի ունենա գործընկերային ձևով», – ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք՝ մարտի 9-ին նավթի գներն անկում ապրեցին այն բանից հետո, երբ մարտի 6-ին «ՕՊԵԿ+»–ի երկրները չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ո՛չ արդյունահանման կրճատման մասին գործարքի չափանիշների փոփոխման, ո՛չ էլ նրա երկարացման հարցում։

Նավթն իր հետևից ռուսական գազի գները ներքև չի տանի. ահա թե ինչու