ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի-Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը գիշերակացի տեղ է տրամադրել «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներից 19-ին։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի հավաստի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ ներկայումս հայ դիվանագետներն ու հասարակական կազմակերպությունները զբաղվում են Երևան մեկնելուն սպասող ևս 20 մարդու մնալու տեղ տրամադրելու խնդրով։
ՌԴ֊ում ՀՀ դեսպանությունն էլ հայտնում է, որ իրենք մշտական կապի մեջ են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների հետ: Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։
«Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվողկամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն»,–ասված է տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՝ ապրիլի 2-ին, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մեծ մասը գիշերելու է գնացել Մոսկվայում ապրող հարազատների մոտ: Ռուսաստանի տարբեր շրջաններից ժամանած և օդանավակայանում մնացած մյուս քաղաքացիների հետ քննարկվել էր առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման հարցը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, վկայակոչելով դեսպանատան տվյալները, Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքը չեղյալ է հայտարարվել, ինչի մասին ուղևորներին պետք է պատշաճ ծանուցած լինեին: Նրա խոսքով ՝ դեսպանատունը պարզում է օդանավակայանում գտնվող ուղևորների տվյալները ՝ ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու և լուծում գտնելու համար։
Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայից Երևան մի շարք չվերթներ չեղյալ հայտարարելու մասին:
Ռուսաստանի կառավարությունը «Ռոսավիացիային» հանձնարարել է մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարթերային չվերթերը: