Աստվածամուխ գեղարդը դուրս կբերվի Սուրբ Էջմիածնից. Գարեգին Բ–ն կօրհնի աշխարհի չորս կողմերը

Կաթողիկոսը Սուրբ գեղարդով Անդաստանի արարողություն կկատարի։ Հավատացյալներն արարողությանը կկարողանան հետևել հեռուստացույցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ապրիլի 5-ին Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը, և այդ կապակցությամբ դուրս է բերվելու սուրբ գեղարդը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

«Տոնի առիթով դուրս կբերվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ սուրբ գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում սուրբ գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Միայն կաթողիկոսն է առանց ձեռնոցների հպվում սուրբ գեղարդին

Ծաղկազարդի սուրբ պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։

Համարվում է, որ գեղարդին հպվելը ոչ միայն ուժ է տալիս, այլև տարբեր հիվանդություններ է բուժում։ Գեղարդի շուրջ մի շարք լեգենդներ և զարմանալի պատմություններ են հյուսվել։ Ավանդույթի համաձայն` այն բազում մարդկանց կյանքեր է փրկել, կանխել համաճարակի տարածումը, այդ պատճառով գեղարդին դիպչել են ցանկանում նաև մարդիկ, որոնք ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեն: Դարեր առաջ, ժանտախտի ժամանակ սուրբ գեղարդն ուղարկվել էր Վրաստան։

Հրաշագործ սուրբ գեղարդի անցած ճանապարհն ու այսօրվա հանգրվանը

Ըստ ավանդույթի` սուրբ գեղարդը Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ սուրբ Թադեոս առաքյալը: Սուրբ գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին խաչի վրա: Դեկտեմբերի 3-ը Սուրբ գեղարդի ուխտի օրն է: Կաթողիկոսի կոնդակի համաձայն` այդ օրը գեղարդը հանդիսավորությամբ դուրս է բերվում Մայր տաճարից, և մարդիկ կարողանում են դիպչել գեղարդին ու իրենց աղոթքն ուղղել առ Աստված: Հարյուրամյակներ շարունակ գեղարդը պահվել է Այրիվանքում (Գեղարդում) և միայն 1760 թվականին է բերվել Էջմիածին։