Փորձել են քվեաթերթիկը լուսանկարել. Արցախում ընտրություններից հետո քրգործեր են հարուցվել

Արցախի Հանրապետության դատախազությունը քրգործեր հարուցելու համար հիմք է ընդունել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ի հաղորդումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik․ Արցախում մի շարք քրեական գործեր են հարուցվել ընտրակեղծիքի փաստով: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։

Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրություններին դիտորդ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը ընտրակեղծիքների դեպքերի հիման վրա հաղորդում է փոխանցել դատախազություն, որոնց մի մասի հիման վրա քրգործեր են հարուցվել։

«Յոթ գործը հարուցվել է ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ։ Մեկ գործ հարուցվել է Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործ է հարուցվել Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու և, հետևաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ», - նշված է ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ։

Քրեական գործերն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ապրիլի 1-ին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50+1 տոկոսի շեմը։

Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

Արցախյան ընտրություններ` կորոնավիրուսի ֆոնին. ո՞ւմից է կախված երկրորդ փուլի արդյունքը