Կոճապղպեղը սուպերմարկետներում վաճառվել է մինչև 16900 դրամով․ ՏՄՊՊՀ

Հայաստանում 2020 թվականի մարտին կոճապղպեղ ներկրել են 7 տնտեսվարող սուբյեկտներ՝ Նիդերլանդներից, Վրաստանից, ՌԴ-ից և ԱՄԷ-ից։ Միայն մարտին ներկրվել է շուրջ 11 000 կգ, իսկ փետրվարին՝ շուրջ 9 000 կգ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի- Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է կոճապղպեղի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները։ Պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչև մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում չի եղել, իսկ մարտի 30-31-ը այն 15 000 դրամով են վաճառել:

Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է

«Քարֆուրում» մինչև մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել է 1 կգ դիմաց 4590 դրամ, ապրանքատեսակը մինչև մարտի 29-ը վաճառքում չի եղել, մարտի 30-31-ը ցանցում կոճապղպեղի գինը 16 990 դրամ է կազմել:

Պարզվել է նաև, որ «Նոր Զովք» և «Քարֆուր» սուպերմարկետներում կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: Ի դեպ, վերոնշյալ սուպերմարկետների մատակարար ընկերությունը չի հանդիսանում կոճապղպեղ ներմուծող:

Հանձնաժողովն ուսումնասիրում է միջնորդ ընկերության՝ մատակարարի ձեռքբերման աղբյուրները, քանակները և գինը:
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում, որը կոճապղպեղի ձեռքբերումն իրականացրել է անմիջապես ներմուծողից, մարտ ամսին կոճապղպեղի իրացման առավելագույն գինը 1 կգ-ի դիմաց կազմել է 3500 դրամ, իսկ մարտի վերջից այս ապրանքատեսակն այլևս վաճառքում չի եղել:

Էկոնոմիկայի փոխնախարարը մեկնաբանել է, թե ինչու է թանկացել լոլիկը

Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան:

Նշվում է, որ Հայաստանում 2020 թվականի մարտին կոճապղպեղ ներկրել են 7 տնտեսվարող սուբյեկտներ՝ Նիդերլանդներից, Վրաստանից, ՌԴ-ից և ԱՄԷ-ից։ Միայն մարտին ներկրվել է շուրջ 11 000, իսկ փետրվարին՝ շուրջ 9 000 կգ կոճապղպեղ: