Ռուսաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում վերջին չվերթով մեկնել Հայաստանից

Ռուսաստան վերադառնալու ցանկություն ունեցողները կարող են Երևանից Սոչի մեկնել ապրիլի 3-ին, Հայաստանից այլ չվերթեր դեռ չեն նախատեսվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին «Ուրալյան ավիաուղիների» Երևան-Սոչի չվերթից:

Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru:

Դեսպանատունը Հայաստանում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ՌԴ վերադառնալու ցանկության դեպքում օգտվել այդ հնարավորությունից, որովհետև այս պահին այլ չվերթեր չեն ծրագրվում:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժշկի 30.03.20-ի որոշման համաձայն` Ռուսաստան վերադարձած բոլոր անձինք ժամանման պահից սկսած` 14 օրով մեկուսացվելու են և գտնվելու են բժշկական հսկողության տակ։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։ Կորոնավիրուսով վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է։