ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ծնողը կարո՞ղ է իր երեխային պահել պետության տրամադրած 26 500 դրամով, ասաց, որ մարդկանց որոշակի աջակցություն տրամադրելիս կառավարությունն առաջնորդվել է «քիչ գումար` շատերին» սկզբունքով։
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի` մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ, յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ աջակցություն կստանան:
«Պետության ռեսուրսներն անսպառ չեն, ուստի պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել` ավելի շատ գումար տրամադրել ավելի քիչ թվով մարդկա՞նց, թե՞ ավելի քիչ գումարով ավելի շատ մարդկանց օգնել։ Մենք ընտրել ենք երկրորդ տարբերակը։ Բնականաբար, 26 500 դրամը չի տրամադրվում երեխային պահելու համար, և դա բոլոր կարիքները չի հոգալու։ Այս աջակցությունն ուղղված է սոցիալական ճգնաժամը մեղմելուն»,–ասաց նախարարը։
Մի շարք ոլորտների շուրջ 127 000 վարձու աշխատողներ աջակցություն կստանան պետությունից
Բաթոյանի խոսքով` սոցիալական աջակցությունից օգտվելու համար դիմում գրելու կամ տարածքային սոցիալական ծառայություն այցելելու անհրաժեշտություն չկա, քանի որ ամեն ինչ հասանելի է լինելու առցանց տարբերակով։ Իսկ նրանք, ովքեր ինտերնետ կամ համակարգիչ չունեն, միայն այդ դեպքում կարող են մոտենալ սոցապի տարածքային կենտրոններ։
Հիշեցնենք, որ կառավարությունը մի շարք սոցիալական ծրագրեր է մշակել, որոնց միջոցով կարող են աջակցություն ստանալ չաշխատող կամ աշխատանքը կորցրած ամուսին ունեցող հղիները, կորոնավիրուսի հետևանքով անգործ մնացած վարձու աշխատողները և այլն։
Կորոնավիրուսից ու արտակարգ դրությունից տուժած ընտանիքներն աջակցություն կստանան