Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները

2020 թվականի մարտի 30-ի երեկոյան ադրբեջանական կրակոցների հետևանքով հայկական կողմը նաև նյութական վնասներ է կրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեում մարտի 30-ի երեկոյան ադրբեջանական կրակոցների դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննաության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի գյուղերի ուղղությամբ հակառակորդի արձակված կրակոցներից վնասվել են Բաղանիս գյուղի 7 բնակիչների տների տանիքներն ու լուսամուտների ապակիները, ինչպես նաև՝ դպրոցի ճաշարանի մուտքի դուռը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին

Դեպքի վայրերի զննության արդյունքում հատնաբերվել են տարբեր տրամաչափերի գնդակներ:

Հիշեցնենք` մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի՝ Նոյեմբերյանին հարակից հատվածում տեղակայված զորամասի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել: Հրաձգային զինատեսակներից կրակահերթեր էին արձակվել մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով ավագ լեյտենանտ Դ.Միրզոյանը, պայմանագրային զինծառայող Ա.Կյուրեղյանը և ենթասպա Ս.Գալստյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Հայկական գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցներից վիրավորվել էր նաև Ոսկևան գյուղի բնակիչ, դպրոցական 15-ամյա մի երեխա:

Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության կոչերը. ՀՀ ԱԳՆ

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը):

Կատարվում է նախաքննություն: