Հայաստան են ներկրվելու արհեստական շնչառության սարքերի նոր խմբաքանակներ

Առողջապահության նախարարը հույս ունի, որ կկարողանան կանգնեցնել համաճարակը, և ներկրված սարքերի օգտագործման կարիքը չի առաջանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանում այս պահին 75 հատ արհեստական շնչառական սարք կա, որոնցից 20-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. վարակը «դրսից» վերցրածներ էլ կան

Նախարարի խոսքով՝ ներկա պահին արհեստական սարքերին միացված է 5 պացիենտ: Այդուհանդերձ, կառավարությունը քայլեր է ձեռնարկում շնչառական նոր սարքեր ներկրելու ուղղությամբ:

«Հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք, մոտ 100՝ մի տեսակի, ևս 5-6-ը՝ մեկ այլ մոդելի, ևս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը ապրիլին, մյուս կեսը՝ մայիսի կեսին կլինեն Հայաստանում»,-ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց՝ կառավարությունը ձեռք է բերում, բայց հույս ունի, որ դրանց օգտագործման կարիքը չի առաջանա։

Մահացած օպերային երգչուհին դեպքի նախորդ օրը հրաժարվել է գնալ հիվանդանոց. ԱՆ խոսնակ

Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում հայտնել էր, որ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը վերածվում է ինֆեկցիոն հիվանդանոցի՝ բացառապես կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում այսօր կորոնավիրուսով հիվանդներին ընդունում են 9 հիվանդանոցներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։

Վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Նրանցից մեկը երիտասարդ է:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց. Թորոսյան