ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արտակարգ դրության ռեժիմ հայտարարվելուց հետո ինտերնետ տրաֆիկի սպառումը Հայաստանում մի քանի անգամ աճել է։ Այս մասին են վկայում Հայաստանի ArmIX ինտերնետ տրաֆիկի միջօպերատորային կենտրոնի տվյալները։ Այդ կենտրոնում գրանցված են երկրի կապի բոլոր խոշոր օպերատորները, բացի Beeline-ից։
«Տանը նստել» ժամանակակից լեզվով նշանակում է անընդհատ համացանցում լինել։ Դա կարանտինի ժամանակ սեփական զբաղվածությունն ապահովելու ամենահեշտ տարբերակն է։ Ճիշտ է՝ համացանցից օգտվում են ոչ միայն ժամանցի համար։ Դպրոցականները ինտերնետի միջոցով միանում են առցանց դասերին, ուսանողներն էլ՝ դասախոսություններին։
Մարտի կեսից բոլոր խոշոր օպերատորների մոտ օրական միջին տրաֆիկի աճ է արձանագրվել։ Օպերատորների միջև ինտերնետ տրաֆիկի փոխադարձ հոսքերն աճել են:
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է
Օրինակ՝ Վիվասել-ՄՏՍ-ի ու «Ռոստելեկոմի» մոտ այդ հոսքերն աճել են մոտ մեկուկես անգամ, Ucom-ի մոտ՝ նույնիսկ երեք անգամ։
Բացի այդ, մոտ մեկուկես անգամ ուժեղացել են փոխադարձ հոսքերը խոշոր ինտերնետ ռեսուրսների հայելային սերվիսներում (քեշ-սերվերներում)։
Աճ է գրանցվել Google, Akamai և Facebook-ի քեշ սերվերներում։
Վերջին դեպքում աճն այդքան էլ շատ չէ (անկախ վարակի առկայությունից, մարդիկ, միևնույնն է, Facebook մտնում են), սակայն եթե մարտի սկզբին Facebook-ի քեշ սերվերներում տրաֆիկի փոխադարձ հոսքը կազմում էր երեքից չորս գիգաբիթ/վայրկյան, ապա հիմա այդ ցուցանիշը հասել է գրեթե 5 գիգաբիթ/վայրկյանի։
Այդ աճի հետևանքով ինտերնետ մատակարարողներն արդեն բանակցում են այդ ռեսուրսների համար քեշ սերվերների հզորությունն ավելացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում երեկվանից չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:
Օնլայն ճշտել վերակենդանացման բաժանմունքի զբաղվածությունը. նախարարի նորությունը