«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների մեծ մասն ազգականների տուն է տեղափոխվել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների հետ քննարկել է առաջին անհրաժեշտության ապրանքներ տրամադրելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել «Դոմոդեդովոյում» մնացած հայերի մասին` հայտնելով, որ դեսպան Վարդան Տողանյանը զրուցել է նրանց հետ։

Հայտնել էինք, որ Ռուսաստանից Հայաստան այսօր կայանալիք թռիչքը չեղարկվել է, որի պատճառով մի շարք ՀՀ քաղաքացիներ են մնացել «Դոմոդեդովո» օդանավակայանում։

«Պոբեդան» հայտնել է չվերթերի դադարեցման պատճառը. աշխատակիցները կորոնավիրուսով են վարակվել

«Ողջ օրվա ընթացքում ՌԴ–ում Հայաստանի դեսպանության աշխատակիցները կապ են պահպանել օդանավակայաում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, որոնք երկու չեղարկված թռիչքների հետևանքով մնացել էին օդանավակայանում։ Նրանց հետ կապ է պահպանել նաև դեսպանն ու դեսպանորդ Բորիս Սահակյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը հայտնում է նաև, որ այս պահին ուղևորների մեծ մասն արդեն իսկ լքել է օդանավակայանն ու ազգակիցների տուն տեղափոխվել։ Իսկ օդանավակայանում մնացած մյուս ուղևորներին, որոնք ՀՀ վերադառնալու համար Ռուսաստանի տարբեր մասերից են «Դովոդեդովո» հասել, դեսպանությունն առաջին անհրաժեշտության ապրանքներ տրամադրելու հարցն է քննարկել։

Ռուսաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում վերջին չվերթով մեկնել Հայաստանից

Հիշեցնենք, որ օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ասում էին, որ տոմսերը գնած են եղել, սակայն մի մասինը հետ են վերադարձրել ու ասել` թռիչք չկա։ Նրանք մնացել էին առանց սննդի։

Նշենք, որ մարտի 27-ից կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ։ Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ միայն ՀՀ քաղաքացիները։