Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ

Սոցիալական աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքներից ու որևէ աջակցություն չեն ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի -Sputnik. Նպաստառու բազմազավակ ընտանիքների համար այս օրերին սոցիալական աջակցության որևէ ծրագրի չկա: Տեղեկությունը կառավարության մամուլի կենտրոնում կայացած  ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե բազմազավակ ընտանիքներն այս օրերին որևէ աջակցություն ստանալո՞ւ են։

Իշխանությունը կօգնի՞ այս օրերին աշխատանքը կորցրած վարորդներին

«Բազմազավակ ընտանիքներին պետությունը սոցիալական նպաստ է վճարում այնքան, որքան հնարավորություն ունի։ Այդ գումարը, բնականաբար, բավարար չէ բոլոր կարիքները հոգալու համար։ Եթե ընտանիքը նպաստառու է, չի կարող օգտվել սոցիալական այն աջակցությունից, ըստ որի` յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ պետք է ստանան ծնողները։ Սակայն ընտանեկան նպաստը նույնպես պետական աջակցության մի ձև է»,–ասաց նախարարը։

Բաթոյանը հիշեցրեց` նպաստառու ընտանիքներն օգտվում են նաև այլ արտոնություններից` կոմունալ ծախսերի, առողջապահական ծախսերի սուբսիդավորում և այլն։ Իսկ սոցիալական աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքներից ու որևէ աջակցություն չեն ստանում։

Նշենք նաև, որ, առհասարակ, Հայաստանում նպաստառուների թիվը 105 000 է։

Կառավարությունը պայմանավորվել է. կոմունալ վճարումները կարելի՞ է ուշացնել

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի` մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ, աջակցություն կստանան՝  յուրաքանչյուր երեխայի համար կստանան 26 500 դրամ միանվագ աջակցություն: