ՌԱԴԻՈ

Պատերազմն այլևս անսպասելի չէ՞․ ինչ դասեր ենք քաղել 2016թ-ից

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 2016թ–ի ապրիլյան քառօրյա պատերազմին․ ի՞նչ դասեր քաղեցինք այդ պատերազմից և հնարավո՞ր է արդյոք նման պատերազմի կրկնությունը։
Sputnik
Պատերազմն այլևս անսպասելի չէ՞․ ինչ դասեր ենք քաղել 2016թ-ից

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովն արձանագրում է՝ 2016 թ-ի քառօրյա պատերազմից հետո հայկական կողմն իրականացրեց որոշակի միջոցառումներ։ Նախ կարևոր էր շփման գծում տեղեկատվական, դիտարկման համակարգերի, տեխնիկական և հետախուզական սարքերի տեղադրումը, և երկրորդ` ռազմական տեխնիկայի համալրումը մեր զինված ուժերում։

«Հատկապես 2016թ–ից հետո որոշ ուղղություններով Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռությունը խախտվել էր՝ հօգուտ Ադրբեջանի, հետևաբար հայկական կողմն արդյունավետորեն վերականգնեց հավասարակշռությունը մի շարք սպառազինությունների համակարգերի ձեռքբերման շնորհիվ։

«Ապրիլյան պատերազմը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը. Փաշինյան

Բացի դրանից, հայկական կողմը վերջին շրջանում նաև սպառազինության մրցավազքում դիմեց ասիմետրիկ քայլերի, այսինքն` ոչ միայն պատասխանեց ադրբեջանցիներին, այլև հանդես եկավ նախաձեռնությամբ` զարգացնելով ռազմաօդային ուժերն ու ձեռք բերելով կործանիչներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Հարությունովի դիտարկմամբ` հետևություններից մեկն էլ այն է, որ ադրբեջանական կողմը գիտակցեց, որ դիվերսիոն ներթափանցումների արդյունավետությունը խիստ նվազել է։ Ըստ նրա` գործոններից մեկը, որ դրդեց Ադրբեջանին սանձազերծել քառօրյա պատերազմ, անսպասելիությունն էր։

«Հայկական կողմը կարծես թե սովորել  էր լարվածությանն առաջնագծում, սակայն հստակություն չկար, որ այն կարող էր վերաճել լոկալ մարտական գործողությունների։ Մենք արդեն անցել ենք այդ փուլը. անսպասելիության գործոնն այլևս չկա»,– նշեց Հարությունովը։ 

Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձածների հիշատակին

Նա իսպառ չի բացառում փոքրածավալ, լոկալ պատերազմի կրկնությունը։ Ըստ փորձագետի` 2016թ–ի որոշ գործոններ արդիական են նաև այսօր, օրինակ` ղարաբաղյան խնդիրը դեռ կարգավորված չէ, Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն ավելի է սրվել, և Ալիևը կփորձի նման արկածախնդրությամբ շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունը սոցիալ–տնտեսական հիմնահարցերից, առավել ևս, որ նավթի գները վերջին շրջանում նվազել են։

Փորձագետն ընդգծում է նաև գերտերությունների աշխարհաքաղաքական մրցակցությունը մեր տրածաշրջանում գերիշանության հասնելու համար, ինչը նույնպես կարող է Ադրբեջանին դրդել  նման քայլերի։

Հիշեցնենք՝ 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ։