Ընձառյուծն ինքնամեկուսացել է Խոսրովի անտառում. նոր լուսանկարի հումորային արձագանքները

Facebook-ի օգտատերերից մեկը կարծում է՝ ընձառյուծը գաղտնի ընկերուհի ունի, որին ժամանակ առ ժամանակ այցելում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Խոսրովի արգելոցի տարածքում հայաստանյան բնության գեղեցիկ պահերը որսացող չեխ լուսանկարիչ Վլադիմիր Չեխն instagram-ում հրապարակել է Խոսրովի անտառում բնակվող Նեո անունով ընձառյուծի՝ իր նկարած նոր լուսանկարը:

Հայաստանում արդեն լայն ճանաչում ստացած լուսանկարը facebook-ում հրապարակել է նաև Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը:

Վայրի բնության գեղեցիկ լուսանկարը չի վրիպել facebook-ի օգտատերերի ուշադրությունից:
Նրանցից մեկը կատակել է, թե ընձառյուծն ինքնամեկուսացել է Խոսրովի անտառում: Մեկ այլ օգտատեր էլ սրտնեղել է, թե Հայաստանում հայտնված որձ ընձառյուծն այդպես էլ միայնակ մնաց:
«Էս մե տառապյալին էդպես էլ կին չճարվեց, չէ՞»,- գրում է նա:
Մեկ այլ օգտատեր էլ փորձում է փարատել հեռակա զրուցակցի մտահոգությունը՝ կարծիք հայտնելով, թե Նեոն այդքան երկար ժամանակ մենակ չէր մնա: Նա կարծիք է հայտնում, թե ընձառյուծն ամենայն հավանականությամբ ընկերուհի ունի, որին ժամանակ առ ժամանակ այցելում է: