«Եվրատեսիլը» կկայանա, բայց օնլայն համերգի տեսքով

Ոչ մրցութային օնլայն-ռեժիմով համերգին ելույթ կունենան ինչպես 2020 թվականի, այնպես էլ նախորդ տարիների լավագույն մասնակիցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի չեղարկումից հետո կազմակերպիչները որոշել են այն անցկացնել օնլայն համերգի տարբերակով։ Ինչպես տեղեկացնում է միջազգային մրցույթի պաշտոնական կայքը, օնլայն համերգը կկայանա մայիսի 16-ին և կտևի շուրջ 2 ժամ:

«Կվերադառնանք ավելի ուժեղ»․ Աթենա Մանուկյանն անդրադարձել է «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկմանը

Ոչ մրցութային օնլայն-ռեժիմով համերգին ելույթ կունենան ինչպես 2020 թվականի, այնպես էլ նախորդ տարիների լավագույն մասնակիցները: Շոուն ստացել է Eurovision: Europe Shine A Light (Եվրոպան փայլում է լույսով) անվանումը:

Համերգը կհեռարձակվի Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական ալիքով: Նման ձևով կազմակերպիչները ցանկանում են փոխհատուցել մրցույթի չեղարկումը, որը պետք է կայանար Ռոտերդամում:

«Մենք ուզում ենք միավորել Եվրոպան հեռուստատեսային յուրահատուկ այս թողարկմամբ: Կոչ ենք անում հեռարձակող ընկերություններին և մյուս երկրներին ցուցադրել այն՝ միասնության և միավորման ոգով»,- գրել են կազմակերպիչները:

Այլ մանրամասների մասին տեղեկություններ կփոխանցվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մարտի 17-ին «Եվրատեսիլի» կազմակերպիչները Twitter-ի իրենց պաշտոնական էջում հայտնեցին, որ հետևում են կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում անընդհատ փոփոխվող իրավիճակին և շուտով որոշում կկայացնեն։ Ավելի ուշ հայտարարվեց, որ մրցույթը չեղարկվում է։