Բժիշկները կանգնած են գործընկերների կողքին. «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները մենակ չեն

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց են գործուղվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետները։ ԲԿ–ն հրապարակել է նրանց լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել մի շարք մասնագետների։ Տեղեկությունը հայտնում է բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ն «Նորքի» ինֆեկցիոն է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Բժիշկներից, մասնավորապես, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են ռեանիմատոլոգներ, սրտաբան, հոգեբան և բուժքույրեր»,–նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում մի շարք մասնագետներ։

Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրել. Փաշինյանի խոսնակը բացատրում է` ինչու

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը շնորհակալություն է հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտները բուժում էին ստանում «Նորքի» ինֆեկցիոնում։ Հետո միացան այլ ԲԿ–ներ նույնպես, այդ թվում` մարզային։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 571–ի։