Հայաստանի հավաքականի կիբեռֆուտբոլիստների առաջին մրցաշարն ու հուսադրող ելույթները

COVID-19 վիրուսը ստիպեց դադարեցնել ֆուտբոլային բոլոր հանդիպումներն աշխարհում: Բայց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո մեկ մրցաշար անցկացվեց, որը դեռևս շարունակվում է․ կիբեռֆուտբոլի հավաքականները որոշում են Եվրոպայի չեմպիոնին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կիբեռֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ռոբերտ Ալավերդյան, Արմեն Նիկոլյան, Գևորգ Արտենյան և Շահե Շահինյան կազմով մասնակցեց Եվրո-2020-ի որոկավորման փուլին և J խմբում զբաղեցրեց երրորդ տեղը:

Հայաստանի հավաքականը, որն առաջին անգամ մասնակցեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի շատ լավ տպավորություն թողեց: Մեր հավաքական քառյակը արժանի մրցակից էր կիբեռֆուտբոլում արդեն հեղինակություն վայելող Ֆրանսիայի կամ Բելգիայի հավաքականների հետ պայքարում:

Ցավոք, վիճակահանությունն այնքան էլ հաջող չէր մեր կիբեռֆուտբոլիստների համար․ մերոնք հայտնվեցին մահվան խմբում, որտեղ մրցեցին Ֆրանսիայի, Խորվաթիայի, Բելգիայի, Չեխիայի, Կիպրոսի հավաքականների հետ և J խմբում զբաղեցրին երրորդ տեղը: Չնայած այս արդյունքով մեր տղաները չեն կարող շարունակել պայքարը հետագա փուլերում, բայց նրանք բավականին լավ արդյունք գրանցեցին:

Տեսնելով, թե ինչպես են կիբեռֆուտբոլիստները «տեղաշարժում» մեր հավաքականի ֆուտբոլիստներին, երբեմն մտածում ես՝ գոնե այսպես խաղային:

Մխիթարյանը պատրա՞ստ է քիչ ստանալ, բայց մնալ «Ռոմայում». Հենրիխի տրանսֆերային ոդիսականը

Ամենևին էլ չենք ուզում ասել, որ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստները վարպետությամբ զիջում են կիբեռֆուտբոլում իրենց անվանակիրներին: Բայց տարբերություն հաստատ կա: Հաշվի առնելով Տիգրան Բարսեղյանի հրաշալի արդյունավետ հարվածը, Սարգիս Ադամյանի հինալի անցումն ու գոլը, Արամ Հայրապետյանի սեյվը մեր դարպասին նշանակված 11 մետրանոցից հետո կարելի է ասել, որ մեր հավաքականն իր լավագույն մրցաշարերից մեկն անցկացրեց կիբեռֆուտբոլում: Եվրո 2020-ում մեր ընտրանին հավասար պայքարեց հզոր թիմերի հետ:

Կառլեն Մկրտչյանը, Սարգիս Ադամյանն ու մյուսները բարձր պահեցին մեր մարզական պատիվն ու ստիպեցին ևս մեկ անգամ անբաժան մնալ ֆուտբոլից:

Նույնիսկ հիմա աշխարհի թիվ 1 սպորտի՝ ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը չի մարել: Իսկ կիբեռֆուտբոլի Հայաստանի հավաքականի մասնակցությունը Եվրո-2020-ի որակավորման փուլին նոր հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլասերների շրջանում:

Հավելենք, որ կիբեռֆուտբոլի Հայաստանի հավաքականը ձևավորվել էր ՀՀՖ կողմից անցկացված մրցաշարի արդյունքներով՝ 2019 թվականի նոյեմբերին: Մրցումներում հաղթել էին Ռոբերտ Ալավերդյանը, Արմեն Նիկոլյանը, Գևորգ Արտենյանն ու Շահե Շահինյանը: