«Վարկս Էյ Էմ»–ի հաճախորդների տոկոսները, տույժերն ու տուգանքները կզիջվեն

 «Վարկս Էյ Էմ»–ը  հայտարարություն է տարածել պարտաճանաչ ու ոչ այնքան պարտաճանաչ վարկառուների հետ կապված իրենց հետագա քայլերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Վարկս Էյ Էմ»–ի այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Ի՞նչ է սպասում «Վարկս Էյ ԷՄ»–ից գումար վերցրածներին

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարություն է տարածել, որը ՀՀ կենտրանական բանկը հրապարակել է իր Facebook-ի էջում։

«Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ):

Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց»,–ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: