«Թշնամական քաղաքականության հերթական արտահայտություն». ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիային

ՀՀ ԱԳՆ անդրադարձել է Արցախի ընտրությունների մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը և նշել, որ այդ երկիրն անտեսում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի` տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալ ղարաբաղյան  հակամարտության համատեքստում որևէ թշնամական գործողություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է: ՀՀ արտգործնախարարությունը պատասխանել է Թուրքիայի արտաքին գերատեսչությանը։

Անկանխատեսելի ընտրություններ Արցախում. ո՞վ է ֆավորիտը

Նշենք, որ պաշտոնական Անկարան, արձագանքնելով մարտի 31–ին Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրություններին, ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները «միջազգային իրավունքի նորմերի աղաղակող ոտնահարում են»:

«Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է Հայաստանի` ներկայիս անօրինական կացությունը միակողմանիորեն լեգիտիմացնելու փորձերի մասին», - նշված էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Թուրքիան չի ճանաչում այս անօրինական ընտրությունները, որոնց անցկացումը մեկ անգամ ևս կոտնահարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախապես պետք է մշակել Արցախի սահմանին իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները

«Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղյան  հակամարտության համատեքստում որևէ թշնամական գործողություններից։ Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը և աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ և վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. Ապրիլին»,–ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Վտանգավոր չէ՞. Արցախ մեկնող լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել

Մեր արտաքին գերատեսչությունն անհիմն է համարում Թուրքիայի արտգործնախարարության կողմից ԵԱՀԿ սկզբունքների և Մինսկի գործընթացի վկայակոչումը: «Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից»,–ասված է հայտարարության մեջ: 

«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Թուրքիայի փորձերը` հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրավունքների և հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգությունների և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության նորմերը ոտնահարող ագրեսիվ քաղաքականության իրականացման լույսի ներքո:

Նշենք, որ այսօր Արցախում անցկացվում են համապետական ընտրություններ։ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր։