«Մարդկային կյանքի հետ ոչ ոք իրավունք չունի խաղալու». օլիմպիականները` Տոկիո 2020-ի մասին

Տոկիո 2020-ի հետաձգումը աննախադեպ էր սպորտային պատմության մեջ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում են հետաձգման լավ ու վատ կողմերի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Տոկիոյի օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք վաստակած հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դժվար թե հասցներ լիարժեք վերականգնվել վնասվածքից, եթե օլիմպիադան կայանար այս ամառ:

Օլիմպիական խաղերը հետաձգելու ՄՕԿ-ի որոշումից առաջ մարզիկն արդեն ասել էր, որ եթե մարզվելու հնարավորություն չունենա, Տոկիո չի մեկնի։

«Գիշերով ճամփա ենք ընկել և չգիտենք՝ որտեղ փոս կա». մարզիկները՝ օլիմպիադայի հետաձգման մասին

«Ինչ իմաստ կունենար իմ Տոկիո մեկնելը, եթե ես նախապես գիտակցում էի, որ չեմ կարող մասնակցել մեդալների համար պայքարին: Օլիմպիական սկզբունքը շատ լավ հասկանում եմ (կարևորը մասնակցությունն է), բայց ինձ համար օլիմպիական մեդալը երազանք է, որի հետևից եմ գնում: Ես, ինչպես և աշխարհի բոլոր մարզիկները, մարզվելու հնարավորություն չունեմ, ինքանմեկուսացվել եմ համաճարակի պատճառով, բացի այդ, մեջքի ցավեր ունեմ»- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Հայ մարմնամարզիկը հիմա լիահույս է, որ այս ժամանակահատվածում կկարողանա ազատվել մեջքի ցավերից, կապաքինվի ու ավելի լավ մարզավիճակում կմասնակցի օլիմպիական խաղերին։

25 մետր հեռավորությունից հենց «իննին» խփեցի. Խորեն Հովհաննիսյանը հիշում է լավագույն գոլերը

«Հայաստանի առաջնության ժամանակ ես բարդ վարժություններ չկատարեցի, բայց ցավ զգացի: Այսինքն` ինձ համար պարզ էր, որ եթե ես ավելացնեմ ծանրաբեռնվածությունը կամ ավելի բարդ վարժություն փորձեմ կատարել, վնասվածքս կա՛մ կխորանա, կա՛մ էլ թույլ չի տա կատարել վարժությունը»,–ասում է մարզիկն ու հավելում`հուսով է վերջապես աշխարհը կհաղթի կորոնավիրուսի հետ պայքարում, իրենք էլ հնարավորություն կունենան մարզվելու:

Դավթյանը նշում է, որ որոշ մրցաշարեր արդեն անցկացվեցին առանց երկրպագուների, բայց օլիմպիական խաղերի համար այդ տարբերակը կիրառելի չէ։ «Սպորտը միայն մարզիկների համար չէ, ես կասեի սպորտը հենց երկրպագուների համար է, ու առանց նրանց ներկայության ու՞մ է պետք է մեր ելույթը»- ասաց Դավթյանը:

Հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար. Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի մասին

Ռիո 2016-ի օլիմպիական խաղերում որպես մրցավար ներկայացած մարմնամարզության մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը պետք է մեկներ նաև Տոկիո, բայց այդ ուղևորությանը ևս մեկ տարի հարկ է սպասել։

«Կասկածից վեր է, որ օլիմպիական խաղերը պետք է հետաձգվեին: Հասկանալի է, որ մեծ գումարներ են ծախսվել խաղերը կազմակերպելու համար, սակայն մարդկային կյանքի հետ ոչ ոք իրավունք չունի խաղալու» -Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Մարզիչն ընդգծեց, որ օլիմպիական խաղերի հետաձգումն այս պահին նաև մարզիկներին էր ձեռնտու, որովհետև կարոնավիրուսի ստեղծած արգելքների պատճառով մարզիկները հիմա չեն կարողանում մարզվել։ Իսկ մարմնամարզիկի համար մեկ շաբաթ չմարզվելն արդեն զրոյացնում է նախկինում կատարված աշխատանքը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը մեկ տարով հետաձգվեց

«Կոնկրետ մեզ համար հետաձգումն ունեցավ նաև իր լավ կողմը: Արթուր Դավթյանը մեջքի վնասվածքից դեռևս լիովին չի ապաքինվել, ու չէր հասցնի դա անել մինչև հուլիս» ավելացրեց Հակոբ Սերոբյանը:

Նշենք, որ մարտի 24–ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի ստեղծած արգելքների պատճառով մեկ տարով հետաձգվել են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, դրանք կկայանան 2021 թվականին: