Ընտրատեղամասերը մարդաշատ էին, ամենուրեք` հերթեր։ Մուտքերի մոտ բոլորին դիմակ ու ձեռնոց էին բաժանում։ Յուրաքանչյուրին առանձին գրիչ էին տալիս քվեաթերթիկի վրա նշում անելու համար։
Օրը տաք էր ու արևոտ, բայց Շուշիի №1 դպրոցի ընտրատեղամասում, որտեղ ես էի գնացել քվեարկելու, մթնոլորտը բավականին լարված էր։ Ընտրատեղամաս մտնելը միանգամից չստացվեց․ մուտքի մոտ իրենց հերթին սպասող բազում մարդիկ էին հավաքվել։ Վեճի ձայներ ու բղավոց լսվեց։ Պարզվեց՝ վստահված անձինք նկատել էին, որ մի աղջիկ լուսանկարել է իր քվեաթերթիկը։ Նրա հեռախոսը փորձում էին խլել, աղջիկը դիմադրում էր։ Ընտրական հանձնաժողովի նախագահը միջամտեց և դուրս հրավիրեց օրինախախտ քաղաքացուն։
Վստահված անձանցից մեկը մոտեցավ մարդկանց ու ասաց, որ բոլորը պետք է ազատ լինեն իրենց ընտրության հարցում։ Հանձնաժողովի նախագահը նորից միջամտեց` հիշեցնելով, որ ոչ ոք ընտրողների հետ խոսելու իրավունք չունի։ Տեղամասից դուրս գալիս հանդիպեցի սանիտարահամաճարակային ծառայության աշխատակիցներին` համապատասխան հանդերձանքով, տարածքն ախտահանելու համար նախատեսված սարքերով։ Այո, կորոնավիրուսի տարածման դեմ միջոցներ ձեռնարկել էին, մնում է հուսալ` դրանք արդյունավետ կլինեն...
Ստեփանակերտի ընտրատեղամասերն էլ էին մարդաշատ։ Դրսում դիմակով մարդ գրեթե չկար, բայց ընտրատեղամասերի մուտքի մոտ բոլորը հլու–հնազանդ դնում էին պաշտպանիչ դիմակները։ Մարդիկ ընտանիքներով էին ընտրությունների գալիս` երեխաների ու տարեց ծնողների հետ։ Բոլոր տեղամասերում հերթապահում էին ոստիկանները։
Ահա Ստեփանակերտի թատրոնի շենքում գտնվող ընտրատեղամասը։ Այստեղ քվեարկեց նախագահի թեկնածուներից մեկը։ Լրագրողների խումբը միանգամից շրջապատեց նրան, ու նա երկար ու հանգամանորեն պատասխանեց հարցերին։
Քվեարկելուց հետո մարդիկ միանգամից նետում էին դիմակներն ու ձեռնոցները, բայց չէին ցրվում, մնում էին մի երկու բառ խոսելու։
Ծանոթների հանդիպեցի։ Ասացին` արդեն մի քանի դեպք է բացահայտվել, որ մարդիկ լուսանկարել են իրենց քվեաթերթիկները։ Լսեցի, որ երկու տղամարդիկ քննարկում են նախօրեին նախագահների թեկնածուների հեռուստաբանավեճերը։ Քանի որ առանձնապես պարկեշտ խոսքերով չէին արտահայտում իրենց կարծիքը, նրանց խոսակցությունը կթողնենք փակագծերում։
Գնացի հաջորդ ընտրատեղամաս, որը գտնվում էր №8 դպրոցում։ Ճանապարհին հիշեցի, որ այստեղ պետք է քվեարկեր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցը` Խորհրդային Միության երկրաբանության վերջին նախարարը։ Նա վերջին տարիներին Արցախում է ապրում ու արդեն բազում հանրօգուտ գործեր է արել։ Որոշում եմ զանգել հարցազրույցի համար պայմանավորվելու ակնկալիքով։ Պարոն Գաբրիելյանցն առաջարկում է հեռախոսով խոսել։ Սիրով համաձայնում եմ։
- Ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք։
- Ինձ համար կարևոր է` նախագահի թեկնածուի ծրագիրը համապատասխանում է այսօր մեր հասարակության առաջ դրված նպատակներին, թե ոչ։ Իսկ մեր գլխավոր նպատակը մարդկանց միավորող գաղափար ստեղծելն է։ Նա, ով հավակնում է առաջնորդ լինել, պետք է այդպիսի գաղափար արտահայտի ու իրականացնի։ Այդ առումով ակնկալիքներս շատ չեն։ Պատերազմի ժամանակ մարդկանց համախմբում էր գաղափարը, նրանք գիտեին՝ ինչի համար են գնում կռվելու․ ազատության ու անկախության, արդարության համար։ Այսօր այդպիսի համախմբող գաղափար չկա։ Մենք գաղափարական փակուղու մեջ ենք։
- Ինչո՞ւ այդպես եղավ։
- Պատերազմից հետո կար մի գաղափար՝ փոսերը լցնել։ Շուրջբոլորը ավերակ էր, կյանքի տարրական պայմաններ չկային։ Պետք էր արագ վերականգնել տնտեսությունը, ենթակառուցվածքները, ուժեղացնել պաշտպանունակությունը։ Մեծ հաշվով այդ խնդիրը լուծեցինք ու դուրս եկանք պատերազմական վիճակից, բայց այսօր արդեն հետպատերազմյան վիճակը հաղթահարելու խնդիր կա։ Իսկ դա հանգեցրել է տարանջատման, հանրության շրջանում հակասությունների աճի, հեղափոխական տրամադրություններ է առաջացրել։ Բայց հեղափոխությունն իր էությամբ ապակառուցողական է, այսօր արդիական չէ։ Մեզ ոչ թե հեղափոխականներ են պետք, այլ կառուցողներ, արարողներ։ Մի՞թե կոռուպցիայի դեմ պայքարելու համար հեղափոխություն է պետք։ Մեզ նորմալ օրենքներ են պետք, օրինակ՝ ունեցվածքի բռնագրավման մասին օրենք։ Անկախ դատարաններ են պետք։ Ահա և կոռուպցիայի դեմ ամբողջ պայքարը։
- Ի՞նչը կօգնի, որ հեղափոխական կարգախոսներից անցնենք արարման ու էվոլյուցիոն զարգացման, եթե մեզ միավորող գաղափարով առաջնորդ դեռ չկա։
- Առաջնորդին ծնում է հանրային գիտակցությունը։ Հասարակությունը, ինչպես բնությունն ընդհանուր առմամբ, որոշակի կանոններով է զարգանում։ Հանրային գիտակցությունն է ծնել Չերչիլի, դը Գոլի, Ստալինի պես առաջնորդներին․․․ Հենց գիտակից հանրությունն է առաջնորդի համար պատվանդան ստեղծում, սակայն արցախցիների հանրային գիտակցությունն այս շրջանում դեռ պատրաստ չէ նոր տիպի առաջնորդ ստեղծելուն, այդ պատճառով երկիրը կղեկավարի նա, ով կկարողանա պահպանել կայունությունը։ Այդ առումով ավելի շատ հույսս դնում եմ Ազգային ժողովի վրա, որը խոստանում է դառնալ բազմաձայն։ Դա լրջորեն կբարդացնի երկրի առաջնորդի աշխատանքը, ինչն իր հերթին կստիպի նրան ընդառաջ գնալ հանրության պահանջներին ու ակնկալիքներին։ Հին մտածելակերպից նորին անցնելը երկարատև գործընթաց է։ Հաջողության գրավականը համախմբող գաղափարն է, արտադրության միջոցներ ստեղծելը, ավելացված արժեքի արդար ու հավասարաչափ բաշխումը։
Բավականին երկար զրուցեցինք պարոն Գաբրիելյանցի հետ․ նա խոսում էր բնության, իշխանության մասին, մեջբերում էր Պուշկինին, անդրադառնում էր իր մասնագիտական ու կյանքի փորձին։ Նրա ասածների մասին մտորելով` վերջապես հասա մամուլի կենտրոն, որն ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, գործում էր Երիտասարդական պալատի շենքում։
Արցախի նախագահի թեկնածուների մի մասն արդեն կատարել է իր պարտքը. ով հանուն ինչի է քվեարկել
Պատասխանատուն հայտնեց, որ դիտորդների բոլոր մամուլի ասուլիսները կկայանան ապրիլի 1-ին, երբ հայտնի կլինեն նախնական արդյունքները։ Միաժամանակ տեղեկացա, որ այս անգամ Արցախում միջազգային դիտորդ չկա։ Միայն Հայաստանի ներկայացուցիչներն էին եկել։ Լրագրողների համար բոլոր անհրաժեշտ տվյալներով թղթապանակներ էին ստեղծել։ Նրանց մեջ տեղեկություններ կային Արցախի, նախորդ բոլոր քարոզարշավների, թեկնածուների ու կուսակցությունների, ընտրողների մասին և այլն։ Քվեարկողների քանակի մասին տվյալները երեք ժամը մեկ հրապարակվում էին Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքում։ Բոլոր ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում էր ապահովվում։
․․․ Օրվա կեսին սաստիկ անձրև եկավ ու մարդկանց ստիպեց փողոցից տուն գնալ։