Տավուշում վիրավորված երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա. մանրամասներ

Բժիշկները Տավուշում վիրավորված երեխայի վիճակը գնահատում են կայուն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղան գիշերը տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Տեղեկությոնը Sputnik Արմենիային հայտնեց ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Ադրբեջանական կրակոցից դպրոցական է վիրավորվել. ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

«Տղային, մինչ Երևան տեղափոխելը, Նոյեմբերյանի բուժկենտրոնում վիրահատել են։ Նա հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում։ Այժմ վերակենդանացման բաժանմունքում է` բժիշկների հսկողության ներքո։ Սակայն հնարավոր է` օրվա ընթացքում պալատ տեղափոխվի»,–ասաց Դերձյանը։

Նրա խոսքով` բժիշկները երեխայի վիճակը գնահատում են կայուն, ավելին` նրա մոտ դրական դինամիկա կա։
Դերձյանը հայտնեց նաև, որ ևս մեկ վիրահատական միջամտության կարիք չկա։

Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության կոչերը. ՀՀ ԱԳՆ

Հիշեցնենք` երեկ ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մի երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Բացի այդ, երկու զինծառայող է վիրավորվել և հայտնի է, որ նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։