Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրել. Փաշինյանի խոսնակը բացատրում է` ինչու

Համացանցում տարածված լուսանկարներն իրական են։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հաղորդագրություն է տարածել և նշել, թե ինչու են մարզահամերգային համալիրում մի քանի տասնյակ մահճակալներ շարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կարող է մեկուսացման վայր դառնալ։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook–ի իր էջում գրել է, որ պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրել. Փաշինյանի խոսնակը բացատրում է` ինչու

«Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»,– նշել է նա։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երկու օր է` մահճակալները համալիրում են։

«Շենքը պատկանում է պետգույքին, և կառավարությունը` ի դեմս պարետատան, որոշել է ծրագիր իրականացնել այստեղ։ Մանրամասների համար դիմեք պարետատանը»,– ասաց Ղազարյանը։

Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրել. Փաշինյանի խոսնակը բացատրում է` ինչու

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 532-ի։ Երկրում տեղաշարժման սահմանափակումներ են գործում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սահմանափակումների խստացման ռեժիմը ստիպված են երկարացնել ևս 10 օրով: