ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Ռուսական էստրադայի երգչուհի Ժասմինը խոստովանել է, որ իր փոքրիկ որդու հետ վարակվել է կորոնավիրուսով։
Բազմազավակ աստղը «Ռուսական ռադիոյի» հաղորդավար Ալլա Դովլաթովայի երեկոյան շոուի ընթացքում պատմել է, որ իր երեք տարեկան որդու՝ Միրոնի հետ կորոնավիրուսով է վարակվել մի քանի ամիս առաջ։
Սկզբում սովորական հարբուխ է թվացել, երգչուհին բազմաթիվ անալիզներ է հանձնել, բայց բժիշկները չեն կարողացել հստակ ախտորոշում տալ և տարակուսել են։ Հիվանդության ախտանիշները եղել են բարձր ջերմությունը, հազն ու թուլությունը, այնուհետև Միրոնի մոտ երիկամների խնդիրներ են սկսվել։
Ժասմինը հաստատել է նաև, որ ներկա է եղել Իգոր Կրուտոյի քրոջ ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված աստղային երեկույթին, որին ներկա են եղել նաև Լև Լեշչենկոն և Իգոր Նիկոլաևը։ Երեկույթից հետո երգիչները COVID-19-ով վարակված լինելու կասկածով տեղափոխվել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինչից հետո նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ Նիկոլաևի թեստը բացասական է եղել։