Բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք սահմանափակել ՀՀ-ում մարդկանց տեղաշարժը. Ավինյան

Պարետը նաև կարևորեց, որ ՀՀ քաղաքացիները գիտակցեն, որ իրենց տեղաշարժերը, որոնք կենսական անհրաժեշտություն չեն, պետք է չեղարկվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակում տեղաշարժի սահմանափակումների ռեժիմը խախտելու համար ոստիկանության կիրառած տուգանքներն ինքնանպատակ չեն: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր կարտադրի. կառավարությունը խոստանում է աջակցել

«Մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններով, քրեական օրենսգրքում փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որով կսահմանափակենք ՀՀ-ում մարդկանց տեղաշարժը»,- ասաց Ավինյանը:

Պարետը նաև կարևորեց, որ ՀՀ քաղաքացիները գիտակցեն, որ իրենց տեղաշարժերը, որոնք կենսական անհրաժեշտություն չեն, պետք է չեղարկվեն:

Ինչ վերաբերում է տուգանքներին, Ավինյանը հայտնեց, որ տեղաշարժի սահմանափակման նկատմամբ հսկողությունն էլ ավելի է խստացվելու, ինչը նշանակում է, որ վարույթների քանակը կարող է աճել:

Աշխատանքի գնացողն առաջիկա օրերին պետք է ապացույց ունենա, որ գնում է աշխատավայր

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սահմանափակումների խստացման ռեժիմը ստիպված են երկարացնել ևս 10 օրով:

Հիշեցնենք՝ տեղաշարժի սահմանափակումների մասին որոշումն ընդունելու պահին ՝ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել էր 249–ի։

Այսօրվա տվյալներով այդ ցուցանիշն արդեն 532 է: Անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է մահվան 3 դեպք: