Այնպես արեք, որ 20 հոգուց ավելի չհավաքվեն. հեռախոսային լսումները վերջի՞ն հնարավորություն

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ դարձան: Ընդդիմությունը մեղադրեց իշխանությանն առիթից օգտվելու ու ինչ-որ բան չասելու մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում շարունակում է քննարկել երեկ մեծ աղմուկ բարձրացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու հարցը:

Ամբիոնին մոտեցած ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոտովանեց, որ երեկ ամբողջ օրը հետևել է տվյալ նախագծերի շուրջ սոցիալական կայքերում հնչող քննադատություններին:

Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն. ինչպե՞ս են մեկնաբանում «վերահսկողության մասին օրենքը»

«Եվ կուզեի արձանագրել, որ, բնականաբար, ոչ բոլոր քննադատություններն էին հաճելի, բայց պետք է նշեմ, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին։ Եթե պատշաճ չի ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիքմով, թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել, նրանք ընդդիմանում են»,-ասաց նա:

Բադասյանը հայտնեց, որ հնչած կարծիքների մեջ եղել են նաև այնպիսիք, որոնք նախագծի հետ կապ չունեն: Հետևաբար, նախարարը վերահաստատեց. «Սահմանափակումները վերաբերում են բացառապես արտակարգ դրությանն ու դրանից հետո չեն գործելու: Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվելու ու չի մշակվելու, կապի օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար: Տվյալները վերացվելու են արտակարգ դրության ռեժիմի ավարտից անմիջապես հետո»:

Ռուստամ Բադասյանն առանձին անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե հեռախոսային խոսակցությունները որևէ կերպ չեն բացահայտում անձի իրական շփումների շրջանակը:

«Ենթադրենք վարակակիրն ինտենսիվ շփման մեջ է գտնվել 10 անձի հետ: Տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 10 անձից 5-ը մշտապես նույն տեղակայման վայրում են գտնվել: Ինչը նշանակում է, որ 5 անձի հետ կապված մեծ է հավանականությունը, որ այդ անձինք հնարավոր է՝ վարակվել են: Իակ մյուս 5 անձինք, կպարզվի, որ մշտական տեղակայման վայրում չեն եղել, և նրանց հետ որևէ լրացուցիչ գործողություան կարիք չկա»,- մեկնաբանեց նախարարը:

Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսի հետևանքով մահանալու դեպքում հերձում չկատարել

Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ նախագիծը մշակելիս՝ կառավարությունն ուսումնասիրել է համաճարակի դեմ պայքարի Իսրայելի, Հարավային Կորեայի, Չինաստանի փորձն ու հանգել այն եզրակացության, որ այս գործիքն ամենաարդյունավետն է:

Նախարարի մեկնաբանությունը, սակայն, խորհրդարանական ընդդիմությանն այդպես էլ չհամոզեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մարդկանց հիմնարար ազատությունների սահմանափակումը կյանքեր է փրկելու:

Որևէ խոսակցություն չի ձայնագրվելու. ՀՀ արդարադատության նախարար

«Մարդու հեռախոսային շփումների շրջանակը մեզ չի տալու այն մարդկանց իրական շրջանակը, ում հետ մարդը ֆիզիկապես շփվել է: Կառավարությունը փաստորեն ասում է՝ ես չունեմ բավարար միջոցներ, որպեսզի կարողանամ մարդու ֆիզիկապես գտնվելու վայրերը համեմատեմ մյուս 3 մլն քաղաքացիների գտնվեու վայրերի հետ, ինչպես անում են տարբեր սոցիալական կայքեր, դրա համար ի՞նչ եմ անում, եկեք մի հատ հետևեմ, տեսնեմ՝ ով ում զանգեց, հետո տեսնեմ սրանք նույն վայրում եղել են, թե ոչ»,- ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով` այս օրենքի առկայության դեպքում կառավարությունը կարող է նաև դիմել սոցիալական տարբեր կայքերի ու նրանցից ստանալ քաղաքացիների իրական շփումների ու գտնվելու վայրերի մասին ամբողջ տեղեկատվությունը։ Հետևաբար, ըստ Գորգիսյանի՝ առաջարկվող կարգավորումը ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարելու, այլ քաղղաքացիների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու նպատակ է հետապնդում:

ԱԺ պատգամավորների մոտ մի թեստը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսը՝ հերքել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցած պատագամավոր Արման Աբովյանն էլ իշխող քաղաքական ուժին մեղադրեց կորոնավիրուսի դեմ պայքարը ոչ ճիշտ կազմակերպեու մեջ:

«Դե կյանքեր եք փրկում, այնպես արեք, որ 20 հոգուց ավելի մարդիկ չհավաքվեն: Ինչու՞ չեք կարողանում անել: Դուրս եկեք բակերում նայեք, պապիկները նստած նարդի են խաղում: Ոստիկան չկա: Չէ, կա ոստիկան, ռեսուրսը չի հերիքում»,- ասաց նա:

Պատգամավորը նաև հարց ուղղեց ընդդիմադիր գործիչներին ու նախարար Բադասյանին. «Սա վերջին միջո՞ցն է»։ Նա հորդորեց, եթե կա այնպիսի բան, որ գիտի իշխանությունը, բայց չգիտեն ընդդիմությունն ու քաղաքացիները, հայտնել:

Կորոնավիրուսով վարակված ու բուժված ՀՀ քաղաքացուն փորձում են Իտալիայից հայրենիք տեղափոխել

Նշենք, որ օրինագծերի երկրորդ ու վերջնական քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ արտահերթ նիստի ավարտից անմիջապես առաջ: Ընդունվելու դեպքում օրենքը կսկսի գործել պաշտոնական հրապարակման պահից սկսած: Առաջին ընթերցմամբ քվեարկությունը տեղի էր ունեցել երեկ՝ մարտի 31-ին՝ 57 կողմ,  24 դեմ և  1 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք՝ կառավարության առաջարկած նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորների և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններից պահանջել և ստանալ իրենց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ: Այն է՝ տվյալ հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկություններ, իսկ զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` նաև այդ հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ:

Նախագծում նշվում է, որ արգելվում խոսակցության բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, հեռախոսային խոսակցությունն ու դրա ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը:

Ընդ որում, օգտատերերից հավաքագրված անձնական տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո, ոչ ուշ, քան մեկ ամիս հետո: