Աշխատանքի գնացողն առաջիկա օրերին պետք է ապացույց ունենա, որ գնում է աշխատավայր

Ապրիլ-մայիսին Հայաստանը կկարողանա վերադառնալ իր բնականոն կյանքին: Պարետն ասել է՝ ինչ է պետք անել դրա համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի –Sputnik. Երկու օր անց պարետատունը խստացնելու է անձանց տեղաշարժի նկատմամբ հսկողությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկությունը հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Մենք մտցնում ենք վերահսկողության նոր մեխանիզմներ, որոնք խստագույնս պետք է ավելացնեն տեղաշարժի նկատմամբ հսկողությունը»,- ասաց նա:

Ավինյանը հայտնեց, որ երկու օրից կսկսի գործել նոր կարգ, որի համաձայն՝ անգամ աշխատանքի գնացող անձինք պետք է կարողանան ապացուցել, որ տնից դուրս են եկել հատկապես աշխատանքի գնալու նպատակով:

Եթե սահմանափակումներ չլինեին, Երևանում այսօր վարակվածների թիվը կհասներ 8200-ի. Ավինյան

«Նրանք պետք է ունենան իրենց հետ փաստաթուղթ՝ տրված տնտեսվարողի կողմից, որ տվյալ անձը գնում է աշխատանքի՝ կոնկրետ այսինչ տեղում»,- ասաց Ավելինյանը:

Նոր խստացումները, Ավինյանի համոզմամբ, թույլ կտան է՛լ ավելի սահմանափակել ՀՀ-ում անձանց տեղաշարժը և է՛լ ավելի արդյունավետ պայքար ապահովել կորոնավիրուսի կանխարգելման գործում:

Ավինյանը հույս հայտնեց նաև, որ այդ խստացումների արդյունքում շուրջ 1 ամիս անց Հայաստանը կկարողանա վերադառնալ իր բնականոն կյանքին:

«Արդեն ապրիլի վերջից և մայիսի սկզբից մենք կարողանալու ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին, եթե կարողանանք շփման շղթաների վերականգնման և անձանց մեկուսացման խնդիրներն ամբողջությամբ իրականացնել»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների մասին որոշումը, որն ուժի մեջ էր մտել մարտի 24-ի 00:00-ից և պետք է գործեր մինչև մարտի 31-ի ժամը 23:59-ը:

Պարետը չեղյալ է հայտարարել իր որոշումը. Կոտայքի մարզպետը ճիշտ էր

Ըստ սահմանված կարգի՝ քաղաքացիներն իրավունք ունեն այցելել միայն պարենային ապրանքների խանութներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայրեր, հոգեհանգստի և հուղարկավորության, բայց միայն համապատասխան գրության ու անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Ազգային ժողովը տապալեց հեռախոսային շփումները վերահսկելու նախագծի ընդունումը

Քաղաքացին օրը մեկ անգամ իրավունք ունի իր բնակության վայրի մոտակայքում ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնել: Անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրված է առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը, բացառություն է արված միայն երեխաների թվի համար:

Ինչ վերաբերում է տնից դուրս գալու պարագայում պարտադիր պահանջվող ձևաթղթին, դրանում պետք է նշված լինեն ամիս-ամսաթիվը, քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ելքի ժամը, ելքի հասցեն, այցելության վայրի հասցեն ու անվանումը, ինչպես նաև այցելության նպատակը, վերադարձի ակնկալվող ժամը և քաղաքացու ստորագրությունը:

Ընդ որում՝ այս փաստաթուղթը կարող է լինել տպագրված, ձեռագիր կամ էլեկտրոնային տարբերակով:

Սահմանափակման կարգը խախտելու համար ՀՀ քաղաքացիները ենթարկվում են վարչական, իսկ եթե այդ ընթացքում նաև այլ անձի վարակի փոխանցման պատճառ են դարձել՝ քրեական պատասխանատվության:

Բացառություններ են սահմանված միայն ՀՀ ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցների, բժիշկների և այն ձեռնարկությունների աշխատակիցների համար, որոնց աշխատանքը պարետի որոշմամբ սահմանափակված չէ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սահմանափակումների խստացման ռեժիմը ստիպված են երկարացնել ևս 10 օրով:

Հիշեցնենք՝ տեղաշարժի սահմանափակումների մասին որոշումն ընդունելու պահին ՝ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել էր 249–ի։

Այսօրվա տվյալներով այդ ցուցանիշն արդեն 532 է:

Անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է մահվան 3 դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 532-ի