ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին, Էրեբունի սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող): Հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին՝ ժամը 14:00-ին՝ նույն հասցեից:
Հիշեցնենք, որ այս գիշեր Արոնյանը Twitter-ի իր էջում հայտնել էր կնոջ մահվան մասին:
Նշենք, որ Կաոիլին վթարի էր ենթարկվել մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Սեբաստիա փողոցում: Lexus-ի ղեկին գտնվող Արիանան կորցրել էր կառավարումը և բախվել բետոնե արգելապատնեշին: Փրկարարներին հաջողվել էր վարորդին մեքենայից դուրս բերել միայն հատուկ տեխնիկայի միջոցով: Տուժածը տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Նշենք, որ աշխարհահռչակ շախմատիստները սգում են Լևոն Արոնյանի կնոջ՝ շախմատիստուհի Արիանա Կաոիլիի մահը և իրենց ցավակցությունները հղում Լևոնին:
«Մեծ է կորուստը»․ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Արոնյանին
Իրենց Twitter-յան գրառումների միջոցով Արոնյանին ցավակցել են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, շախմատի միջազգային ֆեդերացիան և այլք:
Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն ու ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին ամուսնացել են 2017–ի սեպտեմբերի 30-ին։ Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին