ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ ֆիլիպինուհի Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան բոթը ցնցել է հասարակությանը։ Դաժան ավտովթարից հետո բոլորը հույս ունեին, որ Արիանան կապաքինվի ու կշարունակի ուրախացնել Լևոնին։
Աշխարհահռչակ շախմատիստի կնոջ մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց սոցցանցերում։ Բոլորը սգում են Արիանայի մահը։
Ճանաչված դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն Արիանայի և Լևոնի հետ լուսանկար է հրապարակել ու սրտառուչ գրառում արել։
«Նկարի մեջ ժպտում ենք, իսկ ես հիմա նստած կսկիծով լալիս եմ, որովհետև սեր կորավ, որովհետև Արիանան սեր էր ու Լևոնի սերն էր: Ցավս էնքան խորն է, որ ներս եմ գոռում...(որովհետև 34 տարեկան Արիանան էնքան բան էր ուզում անել ու դեռ կաներ, որովհետև Հայաստանն իր տունն էր վաղուց, որտեղ միշտ սպասում էր Լևոնին, և հարազատի պես էր վերաբերվում... Լյով ջան, ցավդ տանեմ ընկեր, սիրտս ճեղքվեց, չեմ պատկերացնում ոնց պիտի սփոփենք քեզ, ի՞նչ խոսքով կամ ինչո՞վ»,- գրել է դերասանուհին:
Արձակագիր, հայտնի լրագրող, բլոգեր Սյունե Սևադան (Սյունե Սարգսյան) Արիանայի հետ բավականին մտերիմ է եղել, հաճախ է նրա հետ սուրճ խմել, Արիանայի՝ հայերեն սովորած յուրաքանչյուր նոր բառի վրա բարեկամաբար ծիծաղել։
Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է
«Արիաննայի հետ աշխատելը հաճույք էր։ Դրսի աստիճաններին իրար հետ կոֆե խմելը հաճույք էր։ Նոր սովորած հայերեն բառերն արտասանելու վրա ծիծաղելը հաճույք էր․․․ Գրում եմ սա, ու դիմացս Արիանայի նվիրած մոմակալն է, որ Հնդկաստանից էր բերել․․․ Բոլորս մեսենջերում անունը փոխեցինք, միաժամանակ գրեցինք «Հնազանդ», արձագանքն իր պես էր՝ Are you fuckin crazy, guys? Պատասխանն էլ մեզ էր նման՝ yes, we are! Հետո ոտքով-ձեռքով բացատրում էինք՝ ոնց պիտի իրեն պահի իրական հեզ հարսը․․․ Հայերից խոսելիս չէր ասում «հայերը», ասում էր՝ «մենք»։ Երազում էր լինել առաջին կինը, ծիծաղելով հավելում էր՝ հայ կինը, որը բարձրացել է Հայաստանի բոլոր սարերը․․․ Չգիտեմ՝ սա ինչի եմ գրում։ Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Չգիտեմ՝ ոնց սուս մնամ։ Չեմ հավատում ու սատկում եմ էս վիճակից։ Արիաննա, էս ինչ արեցիր»,-գրել է արձակագիրը։
Արիանայի մտերիմներից Անին նույնպես հուզիչ գրառում է կատարել ու հրապարակել ընկերուհու հետ մի քանի լուսանկար։
«Երբեք չէի մտածել, որ այս օրն այդքան շուտ կգա, ես մտածում էի, որ միասին ենք ծերանալու, ու ծիծաղելու մեր կնճիռների ու ձգված ստամոքսի վրա։
Գրողը տանի, ես այնքան եմ կարոտելու քո ծիծաղը, քեզ․․․
Դու միշտ ասում էիր՝
«Մի՛ տխրիր, այն ամենն ինչ կորցնում ես, վերադառնում է քեզ այլ ձևով»։ Դու հավիտյան կլինես իմ սրտում Արիանա»,- գրել է նա:
Լավ ընկերոջ ու լուսավոր Արիանայի անժամանակ կորստյան մասին գրառում է կատարել նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Մեր լավ ընկերը` Արիանան, մի լուսավոր մարդ... գնաց մեզնից: Խոսքեր չեմ գտնում: Ցավակցում եմ Լևոն Արոնյանին և նրանց հարազատներին ու Արիանային ճանաչող բոլոր մարդկանց»,- գրել է նա:
Արիանան սիրահարված էր ոչ միայն Հայաստանին, այլև մարդկանց, ու իրեն շատ երջանիկ էր զգում։ Նա ամուսնու հետ ապրում էր Երևանում։ Նա բազմիցս խոստովանել է, որ սիրում է հայկական մշակույթն ու պատմությունը։ Իր հարցազրույցներից մեկում Արիանան նշել էր, որ դեռ 9-10 տարեկանում է հրապուրվել հայոց պատմությամբ։ Շախմատի առաջին ուսուցիչը հայ է եղել, իսկ ամուսնուն` Լևոնին, հանդիպել է շախմատային մրցաշարերից մեկի ժամանակ։
Այդ ժամանակից ի վեր Հայաստանի հետ կապն ավելի է սերտացել։ Նա նույնիսկ բարձրացել է Արարատ լեռն ու հայկական դրոշ ծածանել բիբլիական լեռան գագաթին:
Դեռ տարիներ առաջ Արիանան հայերեն ասմունքեց Համո Սահյանի «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը․ վերջում «առանց ինձ» բառակապակցության փոխարեն ասում էր «առանց քեզ»` հավանաբար նկատի ուներ սիրելիին։
Հայաստանում արտակարգ դրության այս օրերին դեռ հայտնի չէ, թե ինչպես տեղի կունենա Արիանայի հուղարկավորությունը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արիանայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը։ Արիանայի ծնողները ժամանել են Հայաստան։
Հիշեցնենք, որ Արոնյանը Twitter-ի իր էջում հայտնել էր կնոջ մահվան մասին:
Նշենք, որ Կաոիլին վթարի էր ենթարկվել մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Սեբաստիա փողոցում: Lexus-ի ղեկին գտնվող Արիանան կորցրել էր կառավարումը և բախվել բետոնե արգելապատնեշին: Փրկարարներին հաջողվել էր վարորդին մեքենայից դուրս բերել միայն հատուկ տեխնիկայի միջոցով: Տուժածը տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չհաջողվեց։
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն ու ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին ամուսնացել են 2017–ի սեպտեմբերի 30-ին։ Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։