Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Թրամփ

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հաճելիորեն զարմացած է, որ համավարակի օրերին մի շարք երկրներ աջակցություն են ցուցաբերել Միացյալ Նահանգներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի –Sputnik.  Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին

«Պետք է ասեմ, որ մենք լավ հարաբերություններ ունենք մի շարք երկրների հետ։ Չինաստանն է մեզ ինչ–որ բան ուղարկել, դա հիանալի էր։ Ռուսաստանը ևս շատ մեծ ինքնաթիռ է ուղարկել՝ բժշկական պարագաներով լի, դա շատ հաճելի էր», – ասել է ԱՄՆ առաջնորդը։

Թրամփի խոսքով` աջակցություն են ցուցաբերել նաև այլ երկրներ, ինչը հաճելիորեն զարմացրել է իրեն։

«Կարծում եմ, որ ի վերջո մենք ավելի ուժեղ կդառնանք։ Մենք շատ բան ենք սովորել», – նշել է նա։

Ռուսաստանի  և ԱՄՆ նախագահները մարտի 30-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկել են նաև աշխարհում կորոնավիրուսի տարածման խնդիրը։

«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին

Հիշեցնենք՝ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է բազմաթիվ երկրների։ Այսպես՝ մարտի վերջին Ռուսաստանն Իտալիա էր ուղարկել համաճարակաբանների և վարակաբանների, ինչպես նաև բուժքույրերի 8 բրիգադ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար։ Ռուսաստանցի մասնագետների նվիրած հատուկ տեխնիկայի օգնությամբ վտանգավոր վիրուսներից ախտահանվում են հանգստյան տներն ու հիվանդանոցները։

Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ  հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։