«Մեծ է կորուստը»․ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Արոնյանին

ՀՀ երրորդ նախագահը իր և Ռիտա Սարգսյանի անունից խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին։

«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին

«Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը: Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։ Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ: Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- նշված է ՀՀ երրորդ նախագահի ցավակցական հեռագրում:

Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է

Հիշեցնենք, որ Արոնյանը Twitter-ի իր էջում հայտնել էր կնոջ մահվան մասին:

Նշենք, որ Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Սեբաստիա փողոցում: Lexus- ի ղեկին գտնվող Արիանան կորցրել էր կառավարումը և բախվել բետոնե արգելապատնեշին: Փրկարարներին հաջողվել էր վարորդին մեքենայից դուրս բերել միայն հատուկ տեխնիկայի միջոցով: Տուժածը տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չհաջողվեց։

«Լևոնին համբերություն»․ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Արոնյանին