Արցախի նախագահի թեկնածուների մի մասն արդեն կատարել է իր պարտքը. ով հանուն ինչի է քվեարկել

Արցախում վաղ առավոտից սկսվել են համապետական ընտրությունները։ Նախագահի թեկնածուներից շատերն արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանական ընտրություններին արդեն իսկ մի շարք քաղաքական դեմքեր են քվեարկել։ Ի դեպ, ժամը 14։00–ի դրությամբ 104 603 ընտրողներից իր քաղաքացիական պարտքը կատարել է 50 534 ընտրող, կամ ընտրողների 48.3 տոկոսը։

Արցախում մեկնարկել են նախագահի և խորհրդարանական ընտրությունները

«Արցախպրես» գործակալությունից տեղեկանում ենք, որ ընտրություններին արդեն իսկ մասնակցել է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։ Նա քվեարկել է հանուն նոր՝ ավելի ապահով, անվտանգ, ժողովրդավարական և քաղաքակիրթ Արցախի:

Լեռնային Ղարաղաբի Ազգային ժողովի նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը նույնպես կատարել է իր ընտրությունը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է` քվեարկել է հանուն ժողովրդավարական Արցախի ապագայի: Ղուլյանը նշել է, որ ընտրություններում իր հաղթելու շանսերը մեծ են։

«Այն քարոզչական աշխատանքները, որոնք անցկացվել են մեր թիմի կողմից, միանշանակ խոսում են այն մասին, որ հանրության մեծամասնության մոտ բոլոր այդ արժեքները, որոնք ներկայացվում են մեր կողմից, ճիշտ են և ընկալելի»,–ասել է Ղուլյանը։

Նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ընտրատեղամաս է գնացել ընտանիքով։

Վտանգավոր չէ՞. Արցախ մեկնող լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել

«Քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության և արդարության»,- նշել է Բալասանյանը` հավելելով, որ իր վստահված անձինք ընտրությունների ընթացքի վերաբերյալ դեռևս որևէ բողոք չեն հայտնել։

Անկանխատեսելի ընտրություններ Արցախում. ո՞վ է ֆավորիտը

«Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանն էլ քվեարկությունից հետո շեշտել է` իր քվեն տվել է հանուն իրական փոփոխությունների:

«Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը կնոջ և դստեր հետ է այցելել ընտատեղամաս։

«Քվեարկել եմ հանուն Արցախի ապագայի, համերաշխության, խաղաղության և առողջության»,–ընդգծել է Հարությունյանը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից ԱՀ Նախագահի թեկնածու առաջարված Դավիթ Իշխանյանն էլ քվեարկել է հանուն Արցախի կայունության և խաղաղության։

«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին

Րոպեներ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը։ Նրա խոսքով` Արցախը հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելություն․ Արցախը հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին։

«Զգոն եղեք»․ Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ ուղերձով դիմել է արցախցիներին

«Այս երկար տարիների ընթացքում գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը, և շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,–ասաց Սահակյանը։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր։