Որևէ խոսակցություն չի ձայնագրվելու. ՀՀ արդարադատության նախարար

Նախարարը վստահեցնում է, որ օրենքում առաջարկվող լրացումը վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է արել՝ մեկնաբանելով հասարակության շրջանում մտահոգություններ առաջացրած մի շարք հարցեր։

ԱԺ պատգամավորների մոտ մի թեստը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսը՝ հերքել

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում Բադասյանը ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը։ Մասնավորաբար, եթե արտակարգ դրությունն առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:

«Մեր մշակած և Ազգային ժողովում քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ Խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության։

Նախարարն ընդգծել է՝ խոսքը վերաբերում է այնպիսի տեղեկատվությունը մեկտեղելուն, որն այսօր պահպանում և օգտագործում են հեռահաղորդակցության օպերատորները։

Հայաստանում ևս մեկ զինծառայող է վարակվել կորոնավիրուսով

«Դա մեկտեղելով և անհրաժեշտության դեպքում վերլուծելու միջոցով (վարակակրի կոնտակտները հասկանալու համար) պետք է արդյունավետ պայքար մղվի համաճարակի դեմ»,- նշել է Բադասյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ օրենքում առաջարկվող լրացումը վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրությանը, այսինքն` այլ արտակարգ դրությունների դեպքում անձնական տվյալների, հաղորդակցության, մասնավոր և անձնական կյանքի միջամտություն չի ենթադրվում։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Այսօրվա տվյալներով` երկրում 482 վարակված կա։ 14–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր։