ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ մի շարք զինծառայողներ այլևս մեկուսացված կամ ինքնամեկուսացած չեն։
«Վերաստուգումից հետո տասնյակ զինծառայողներ են վերադարձել ծառայության։ Այսինքն` մենք խնդիրներ չունենք այս առումով»,–ասաց Տոնոյանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ վերջին օրերին շուրջ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել ու տուն գնացել, քանի որ թեստի պատասխանը բացասական է եղել։ Նա նշեց նաև, որ կորոնավիրուսով վարակված, բայց հիվանդության լուրջ ախտանշաններ չունեցողներին տեղափոխել են հյուրանոցներ, իհարկե, բժիշկները հսկում են նրանց։
Հիշեցնենք` զինված ուժերում կորոնավիրուսով վարակված 5 զինծառայող կա, բոլորն էլ պայմանագրայիններ են։ Հինգ զինծառայողներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել, մեկը թույլ ջերմություն ունի, մյուս չորսը հիվանդությանը բնորոշ ախտանիշներ ընդհանրապես չունեն։
Այսօրվա տվյալներով` Հայաստանում 482 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։
Կորոնավիրուսով վարակվածներից 14–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր։